Արսեն Վենգերը պատասխանել է Յուրգեն Կլոպի այն պնդումներին, թե աշխարհի ակումբային առաջնությունը «երբևէ հորինված ամենավատ գաղափարն է»՝ ասելով, որ թիմերը կողմ են «ֆանտաստիկ մրցակցությանը», գրում է BBC-ն:
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Վենգերը, որն այժմ ՖԻՖԱ-ի համաշխարհային ֆուտբոլի զարգացման ղեկավարն է, ասել է, որ աշխարհի ակումբային առաջնությունն ունի ներգրավված թիմերի, խաղացողների և մարզիչների լիակատար աջակցությունը։
«Ես շատ ձանձրալի պատասխան եմ տալու շատ հետաքրքիր հարցի։ Բոլորը կարծիք ունենալու իրավունք ունեն, և ես ընդհանրապես չեմ կիսում Յուրգեն Կլոպի տեսակետը։
Ես կարծում եմ, որ աշխարհի ակումբային առաջնությունն անհրաժեշտ է։ Եթե հարցումներ անեք այստեղ ներկա բոլոր ակումբներին, ապա պատասխանների 100%-ը կլինի այն, որ նրանք կցանկանային կրկին մասնակցել։ Սա լավագույն պատասխանն է, թե ինչ են ակումբները մտածում աշխարհի ակումբային առաջնության մասին»,- ասել է Արսեն Վենգերը:
Հուլիսի 13-ին Նյու Ջերսիի «Մեթլայֆ» ստադիոնում «Չելսին» աշխարհի ակումբային գավաթը կվիճարկի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: Հանդիպումը կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: