Հաստատվել է ֆուտբոլի Եվրոպայի 2028թ. առաջնության ընտրական մրցաշարի ձևաչափը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Մրցաշարը կանցկացվի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, կմասնակցեն 24 հավաքականներ։
Որակավորման փուլում հավաքականները կբաժանվեն 12 խմբի։ Յուրաքանչյուրում խմբում կլինի 4 կամ 5 հավաքական։ Մրցաշարի տանտեր երկրները` Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը և Իռլանդիան նույնպես կմասնակցեն ընտրական մրցաշարին ու կընդգրկվեն տարբեր խմբերում։
Խմբերում առաջին տեղը գրաված հավաքականները և երկրորդ տեղը զբաղեցրած լավագույն 8 թիմերը կնվաճեն Եվրո-2028-ի ուղեգիր։
Երկու ուղեգիր կստանան որակավորման փուլի արդյունքում մրցաշարի տանտեր երկրներից լավագույն արդյունքը գրանցած հավաքականները։
Մյուս երկու ուղեգրերը կխաղարկվեն անցումային փլեյ-օֆֆի միջոցով, որին կմասնակցեն ընտրական խմբերում երկրորդ տեղը գրաված մյուս հավաքականներն ու Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի ենթախմբերի այն հաղթողները, որոնք չեն կարողանա Եվրոյի ուղեգիր նվաճել ընտրական մրցաշարով։
Պայմանավորված այն հանգամանքով, թե մրցաշարի տանտերերը Եվրո-2028-ի քանի ուղեգիր կնվաճեն, անցումային փլեյ-օֆֆի միջոցով խաղարկվող ուղեգրերի քանակը կարող է տատանվել երկուսից չորսի սահմաններում, և կիրականանա հետևյալ սցենարներից մեկը.
- Սահմանված հնարավոր երկու ուղեգրերն էլ նվաճում են տանտերերը։ Տվյալ դեպքում 8 հավաքականներ կխաղարկեն երկու ուղեգիր։ Դիմակայությունները բաղկացած կլինեն մեկխաղյա կիսաեզրափակիչից ու եզրափակիչից։ Փլեյ-օֆֆը կունենա երկու ցանց։
- Սահմանված երկու տեղից տանտերերը նվաճել են մեկ ուղեգիր։ Տվյալ դեպքում փլեյ-օֆֆին կմասնակցի 12 հավաքական ու կխաղարկի երեք ուղեգիր։ Դիմակայությունները բաղկացած կլինեն մեկխաղյա կիսաեզրափակիչից ու եզրափակիչից։ Փլեյ-օֆֆը կունենա երեք ցանց։
- Սահմանված երկու տեղերից տանտերերը ոչ մի ուղեգիր չեն նվաճել։ Տվյալ դեպքում փլեյ-օֆֆին կմասնակցի 8 հավաքական, որոնք կխաղարկեն չորս ուղեգիր։ Դիմակայությունները բաղկացած կլինեն երկու խաղից` տնային և արտագնա։
Եվրո-2028-ի որակավորման փուլի ժամանակացույցը կհաստատվի 2025թ. աշնանը։