Fastex Պրեմիեր լիգայում մայիսի 17-ին կմեկնարկի 31-րդ տուրը:
Մինչև տուրի մեկնարկը, մայիսի 14-ին կայացած նիստում ՀՖՖ կարգապահական կոմիտեն անհարգելի պատճառով երկու խաղի չներկայանալու համար «Վեստ Արմենիային» հեռացրել է Fastex Պրեմիեր լիգայից՝ 0-3 հաշվով տեխնիկական պարտություններ գրանցելով «Ալաշկերտի», «Գանձասարի» և «Շիրակի» հետ նշանակված ավարտական 3 հանդիպումներում:
FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Գանձասար» - «Շիրակ»
Մայիսի 17, ժամը՝ 16:00, Երևան, «Ջունիոր Սպորտ» մարզադաշտ
2 խաղ, որոնցից մեկում հաղթել է «Շիրակը», մյուսում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-2
1-ին շրջան. 27.09.2024 «Գանձասար» - «Շիրակ»՝ 1-2 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Մորի Կոնե 45+1՛, 1-1՝ Իսրայել Օպոկու 53՛, 1-2՝ Ռազմիկ Հակոբյան 90՛:
2-րդ շրջան. 31.10.2024 «Շիրակ» - «Գանձասար»՝ 0-0
«Գանձասար»՝ 11-րդ տեղ (6 միավոր), «Շիրակ»՝ 6-րդ տեղ (35 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.Մայիսի 12-ին կայացած առաջնության 20-րդ տուրից հետաձգված խաղում «Գանձասարը» թեև համառ պայքար մղեց «Վանի» դեմ, սակայն կրկին խաղադաշտից պարտված հեռացավ՝ զիջելով 1-2 հաշվով: Դա առաջնությունում թիմի կրած 6-րդ անընդմեջ պարտությունն էր: Միակ սփոփանքն այն էր, որ «Գանձասարն» ընդհատեց 368 րոպե տևած գոլային երաշտը:
«Գանձասարը» միակն է, որը ոչ միայն հաղթանակ չի տարել, այլև սեփական դաշտում դեռ միավոր չի վաստակել՝ պարտվելով անցկացրած բոլոր 12 հանդիպումներում էլ: Ճիշտ է, գանձասարցիների օգտին 3-0 հաշվով տեխնիկական հաղթանակ է գրանցվել առաջնությունից հեռացված «Վեստ Արմենիային» հետ հաջորդ տուրում նշանակված խաղում, սակայն խաղադաշտում պայքարի շնորհիվ կապանցիները դեռ չեն հաղթել որևէ մրցակցի:
2. «Շիրակն» էլ իր բաժին 3 միավորն է ստացել «Վեստ Արմենիայի» հետ վերջին տուրում նշանակված խաղում: Թիմը պայքարում է առաջնությունում 6-րդ տեղը զբաղեցնելու համար, ուստի այս խաղում գյումրեցիների համար հաղթանակը շատ կարևոր է: Նախորդ տուրում շիրակցիները վերջապես արդյունավետ խաղ ցուցադրեցին՝ Գյումրիում 4 անպատասխան գնդակ խփելով «Ալաշկերտի» դարպասը: Ընթացիկ առաջնությունում դա գյումրեցիների խոշոր հաշվով տարած առաջին հաղթանակն էր: «Շիրակն» ընդհատեց առանց հաղթանակների 5 խաղերի շարքը, որի ընթացքում ընդամենը մեկ միավոր էր վաստակել:
«Ալաշկերտի» հետ խաղում դուբլի հեղինակ դարձան Լյովա Մրյանն ու Ռաֆիկ Միսակյանը: Վերջինս իր կարիերայում առաջին անգամ դուբլ ձևակերպեց ու 5 գնդակով գլխավորեց ընթացիկ առաջնությունում «Շիրակի» լավագույն ռմբարկուների ցանկը: Միսակյանը նաև արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով նախորդ երկու առաջնություններում իր գրանցած ցուցանիշը (3-ական գոլ):
«Փյունիկ» - «Արարատ»
Մայիսի 17, ժամը՝ 18:30, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
98 խաղ, «Փյունիկը» հաղթել է 52 անգամ, «Արարատը»՝ 24, գրանցվել է 22 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 166-89
1-ին շրջան. 28.09.2024 «Փյունիկ» - «Արարատ»՝ 3-0 (2-0)
Գոլերը՝ 1-0՝ Սանի Բուհարի 26՛, 2-0՝ Սերժ Դեբլե՝ 45+3՛, 11մ, 3-0՝ Յուսուֆ Օտուբանջո 71՛:
2-րդ շրջան. 02.11.2024 «Արարատ» - «Փյունիկ»՝ 0-2 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Յուսուֆ Օտուբանջո 28՛, 0-2՝ Սերժ Դեբլե՝ 81՛:
«Փյունիկ»՝ 4-րդ տեղ (50 միավոր), «Արարատ»՝ 8-րդ տեղ (29 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.Վերջին 4 մրցաշրջաններում «Փյունիկն» առաջին անգամ առանց մեդալների կմնա: Նախորդ 3 առաջնություններում փյունիկցիները Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ 2 անգամ չեմպիոն են դարձել, մեկ անգամ արժանացել են արծաթե մեդալների: Իսկ ներկայումս Հայաստանի բազմակի չեմպիոնը պայքարում է Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրի համար: Այն նվաճելու համար «Արարատի» հետ խաղում «Փյունիկին» հաղթանակ է անհրաժեշտ: Հաղթելու դեպքում «Վանի» հետ կայանալիք վերջին հանդիպման ելքն այլևս ոչ մի նշանակություն չի ունենա:
Նախորդ տուրում «Փյունիկը» թեժ մրցապայքարում 1-2 հաշվով պարտվեց «Նոային», որը ժամկետից շուտ գրանցեց իր չեմպիոնությունը: Իսկ «Փյունիկը» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց, որն առաջնությունում արդեն 10-րդն էր: Այդ ցուցանիշը վատագույնն է փյունիկցիների համար վերջին 4 առաջնություններում: Պարտություններից 6-ը Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կրել է առաջնության գարնանային հատվածում անցկացրած 11 հանդիպումներում:
2. Նախորդ տուրում «Արարատը» սեփական դաշտում 2-1 հաշվով հաղթելով «Վանին», զգալիորեն մեծացրեց Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր նվաճելու «Փյունիկի» հնարավորությունները: Այդ հաղթանակը նաև հնարավորություն ընձեռեց արարատցիներին պայքարելու 6-րդ տեղի համար: Սակայն «Արարատին» վերջնագծում դժվարին խաղեր են սպասում: «Փյունիկից» հետո արարատցիները մրցելու են «Արարատ-Արմենիայի» և «Ուրարտուի» հետ, նաև հետաձգված խաղ ունեն «Գանձասարի» հետ:
3. «Փյունիկը» զգալի առավելության է հասել «Արարատի» նկատմամբ: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 8 հանդիպումներում «Փյունիկն» անպարտելի է՝ տոնելով 6 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Ընթացիկ առաջնությունում արարատցիներին դեռ չի հաջողվել գտնել մրցակցի դարպասի բանալին ու միավոր վաստակել:
Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2022թ. հոկտեմբերի 9-ին սեփական դաշտում Ռուդիկ Մկրտչյանի խփած միակ գոլի շնորհիվ:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Փյունիկի» պաշտպան Տարոն Ոսկանյանը հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում 450-րդ պաշտոնական խաղը կանցկացնի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Փյունիկ»՝ Արսեն Ավետիսյան - 9 գոլ:
«Արարատ»՝ Կարեն Բարսեղյան - 5 գոլ:
11-րդ դեղին քարտի պատճառով խաղը բաց կթողնի արարատցի Մուսա Կանտեն:
«Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ
Մայիսի 18, ժամը՝ 15:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
14 խաղ, որից 11-ում հաղթել է «Արարատ-Արմենիան», 3-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 33-14
1-ին շրջան. 29.09.2024 «Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ՝ 2-0 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Ալվին Թերա 36՛, 2-0՝ Տենտոն Յենե 67՛:
45+2-րդ րոպեին Արթուր Սերոբյանը չիրացրեց 11մ հարվածը (Արման Ներսեսյանը որսաց գնդակը):
2-րդ շրջան. 02.11.2024 ԲԿՄԱ - «Արարատ-Արմենիա»՝ 2-4 (1-3)
Գոլերը՝ 1-0՝ Արայիկ Էլոյան 17՛, 1-1-1-2՝ Տենտոն Յենե՝ 22՛, 34՛, 1-3-1-4՝ Արմեն Համբարձումյան 45+2՛, 52՛, 2-4՝ Միսակ Հակոբյան 86՛:
«Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (60 միավոր), ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (32 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Արարատ-Արմենիային» չհաջողվեց պահպանել գավաթակրի տիտղոսը և 2-րդ տարին անընդմեջ նվաճել պատվավոր մրցանակը՝ եզրափակչում 1-3 հաշվով պարտվելով «Նոային»: Այժմ Վարդան Մինասյանի գլխավորած թիմն իր ողջ ուշադրությունը կենտրոնացնելու է առաջնության վրա, որում արծաթե մեդալների համար պայքարում է «Ուրարտուի» հետ՝ վերջինիս գերազանցելով 2 միավորով:
Նախորդ տուրում «Արարատ-Արմենիան» խաղադաշտ դուրս չեկավ, քանի որ «Վեստ Արմենիան» չներկայացավ հանդիպմանը: «Արարատ-Արմենիային» 3-0 հաշվով տեխնիկական հաղթանակ գրանցվեց:
Հաջորդ տուրում «Արարատ-Արմենիային» հյուրընկալվելիս ևս մեկ դժվարին մրցավեճ է սպասում երկրի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» հետ, որին առաջնության նախորդ երկու խաղերում էլ պարտվել է: Իսկ առաջնությունը թիմը կավարտի «Արարատի» հետ տնային հանդիպումով:
2. ԲԿՄԱ-ն առաջնության գարնանային հատվածում բավական լավ տպավորություն է թողնում: Վերջնագծում բանակայինները հաջորդաբար մրցում են առաջատար հնգյակում տեղ զբաղեցնող թիմերի հետ: Նախորդ տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի սաները սեփական դաշտում նվազագույն հաշվով զիջել էին «Ուրարտուին»: Իսկ մինչև այդ ոչ-ոքի (1-1) էին խաղացել «Վանի» հետ, որը միայն ավելացված ժամանակում էր հավասարեցրել հաշիվը, հետո 2-1 հաշվով պարտության էին մատնել «Փյունիկին»: Այդ հաղթանակը կարելի է պատմական համարել, քանի որ այն առաջինն էր Հայաստանի բազմակի չեմպիոնի նկատմամբ:
3. «Արարատ-Արմենիան» ԲԿՄԱ-ի ամենադժվարին մրցակիցներից է Fastex Պրեմիեր լիգայում: Բանակայիններին դեռ չի հաջողվել հաղթել մրցակցին կայացած 14 հանդիպումներում՝ կրելով 11 պարտություն, որոնցից 3-ը՝ խոշոր հաշվով: Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 4 խաղերն էլ ավարտվել են «Արարատ-Արմենիայի» հաղթանակով: Իսկ վերջին միավորն «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում ԲԿՄԱ-ն վաստակել է անցյալ տարվա սեպտեմբերի 1-ին կայացած խաղում՝ 1-1:
4. ԲԿՄԱ-ի դարպասը գրավելու դեպքում Տենտոն Յենեն հայկական ակումբներում բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 50-րդ գոլը կխփի: Դա կլինի ընթացիկ առաջնությունում նիգերիացի ֆուտբոլիստի 16-րդ գոլը և նա կկրկնի նախորդ առաջնությունում գրանցած մեկ մրցաշրջանի արդյունավետության իր ռեկորդը:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ-Արմենիա»՝ Տենտոն Յենե - 7 գոլ:
ԲԿՄԱ՝ Միքայել Միրզոյան - 3 գոլ:
Հանդիպմանը չի մասնակցի 5-րդ զգուշացումը ստացած ԲԿՄԱ-ի ռմբարկու Արայիկ Էլոյանը:
«Ուրարտու» - «Նոա»
Մայիսի 18, ժամը՝ 17:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
23 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 9 անգամ, «Նոան»՝ 7, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 29-22
1-ին շրջան. 29.09.2024 «Ուրարտու» - «Նոա»՝ 2-1 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Էրիկ Սիմոնյան 45+5՛, 1-1՝ Մաթեուս Այաս 59՛, 2-1՝ Լուքման Գիլմոր 66՛:
90+9-րդ րոպեին Մաթեուս Այասը չիրացրեց 11մ հարվածը (բարձր):
2-րդ շրջան. 01.11.2024 «Նոա» - «Ուրարտու»՝ 2-1 (1-1)
Գոլերը՝ 1-0՝ Իմրան Օմար 22՛, 1-1՝ Իվան Իգնատև 45+9՛, 2-1՝ Գոնսալու Գրեգորիու 74՛:
«Ուրարտու»՝ 3-րդ տեղ (58 միավոր), «Նոա»՝ 1-ին տեղ (71 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.«Ուրարտուն» շարունակում է պայքարն արծաթե մեդալների համար՝ 2 միավորով հետ մնալով «Արարատ-Արմենիայից»: Առաջնության ավարտական 3 խաղերը կորոշեն արծաթե և բրոնզե մեդալակիրներին: Այդ առումով «Նոայի» հետ կայանալիք հանդիպման ելքն անչափ կարևոր է Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի համար: Պարտության դեպքում 2-րդ տեղ զբաղեցնելու թիմի հնարավորությունները կտրուկ կնվազեն: Հաջորդ երկու տուրերում «Ուրարտուն» հյուրընկալվելու է «Արարատին» և սեփական դաշտում խաղալու է «Վանի» հետ:
Իսկ նախորդ տուրում «Ուրարտուն» Կարեն Մելքոնյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց ԲԿՄԱ-ին: Առաջնության վերջին 5 հանդիպումներում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմն անպարտելի է՝ վաստակելով 11 միավոր: Թիմի դարպասն էլ վերջին երկու խաղերում անառիկ է մնացել:
2. Վերջին շրջանում «Նոայի» կարճատև կենսագրությունում երկու նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: Մայիսի 9-ին Աբովյանում 2-1 հաշվով հաղթելով «Փյունիկին», «Նոան» առաջնության ավարտից 3 տուր առաջ ակումբի պատմության մեջ առաջին անգամ չեմպիոն հռչակվեց: 4 օր անց Ռուի Մոտայի գլխավորած թիմը ոսկե դուբլի հեղինակ դարձավ՝ նվաճելով նաև Հայաստանի գավաթը եզրափակչում «Արարատ-Արմենիայի» նկատմամբ 3-1 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ:
Այնպես որ «Նոայի» համար ընթացիկ մրցաշրջանը կարելի է ավարտված համարել: Իհարկե, նման իրավիճակում դժվար կլինի ֆուտբոլիստներին նույնպիսի ոգևորությամբ ու վճռականությամբ անցկացնելու նաև առաջնության ավարտական 3 հանդիպումները, որոնցում «Նոան» մրցելու է նաև «Արարատ-Արմենիայի» և «Արարատի» հետ: Սակայն կարծում ենք, որ մնացած խաղերում էլ նորընծա չեմպիոնն ու գավաթակիրն իր բարձրության վրա կգտնվի ու էլ ավելի տպավորիչ ցուցանիշներով կավարտի իր համար առայժմ ամենահաջող մրցաշրջանը: Ցուցանիշներից մեկն էլ այն է, որ առաջնության բոլոր հանդիպումներում գոլ խփած միակ թիմը «Նոան» է:
3. Անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին «Ուրարտուից» 1-2 հաշվով կրած պարտությունը վերջինն էր առաջնությունում «Նոայի» համար: Դրան հետևեց 19 անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքը, որն ընդհատվեց «Վանի» հետ խաղում գրանցված մարտական ոչ-ոքիով (2-2):
4. 20 գնդակով առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող Գոնսալու Գրեգորիուն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա, ինչը մեծ կորուստ է «Նոայի» համար: Մայիսի 4-ին «Վանի» հետ կայացած առաջնության հանդիպման ավելացված ժամանակում Գրեգորիուն հեռացվել էր խաղադաշտից:
Կարգապահական կոմիտեի որոշմամբ պորտուգալացի ֆուտբոլիստը որակազրկվել է մինչև մրցաշրջանի ավարտը: Դա էր պատճառը, որ նա չէր հայտավորվել գավաթի եզրափակիչ հանդիպմանը:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ուրարտու»՝ Դմիտրո Խլյոբաս - 4 գոլ:
«Նոա»՝ Մաքսիմ Մայրովիչ - 3 գոլ:
Հանդիպմանը չի մասնակցի 5-րդ զգուշացումը ստացած «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը:
Կարդացեք նաև՝
- «Կրասնոդարը» հաղթեց և առաջին տեղում է վերջին տուրից առաջ
- Արսեն Զախարյանը վերադարձել է «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակ
- Նարեկ Գրիգորյանը «Ֆարուլի» հետ չկարողացավ եվրագավաթի ուղեգիր նվաճել
- Արգենտինական ակումբի կիսապաշտպանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական
- Աղբյուր. «Շիրակը» մոտ է լուծարվելուն
- 17-ամյա Անթոնի Սարդարյանը հայտարարել է «Նյուրնբերգից» հեռանալու մասին
- Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսիի» կանանց ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսը
- Կապառոսի օգնական. «Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրվածություն կա եվրոպական ֆուտբոլում»