Logo

«Գերագնահատված աստղի» թերագնահատված թիմը. Փլեյ-օֆֆի թաքնված ֆավորիտը

Հեղինակ
Վահե Գևորգյան
13:45 / 23.05.2025Բասկետբոլ
Բացառիկ
null

90-ականներ, Ինդիանան ապրում է բասկետբոլով, թիմը գլխավոր աստղ Ռեջի Միլերի հետ աղմկում է փլեյ-օֆֆում, բայց այդպես էլ չի կարողանում չեմպիոն դառնալ...

«ԵՐԿՐՊԱԳՈՒ ՂԵԿԱՎԱՐԸ»

Ինդիանապոլիսի «Մարկետ Սքուեր Գարդենում» այդ տարիներին խաղ բաց չէր թողնում երիտասարդ երկրպագու Քևին Փրիթչարդը: Ոչ ոք չէր էլ մտածում, որ 25 տարի անց Փրիթչարդը դառնալու է նորագույն և ավելի ուժեղ «Փեյսերսի» գլխավոր «մեղավորը»:

Հենց «Փեյսերների» գլխավոր մենեջերն է կառուցել այս թիմը, որը երկրորդ տարին անընդմեջ Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչում է: Բայց ինչպե՞ս է նրան դա հաջողվել: «Փեյսերսը» դրաֆթի թոփ-5 փիք չի ունեցել արդեն 37 տարի. ոչ մի սուպերաստղ ազատ գործակալի կարգավիճակում Մայամին ու Լոս Անջելեսը չի փոխի Ինդիանապոլիսի հետ, և ոչ մի ազգային հեռուստաընկերություն չի պարտավորվի գնել մրցաշրջանային փաթեթ «Փեյսերսի» խաղերը ցուցադրելու համար... Շատ իզուր.

Փրիթչարդն ապացուցեց, որ «Փեյսերսի» հարցում սխալվել են բոլորը: Գլխավոր մենեջերը 2022-ին իրականացրեց Թայրիզ Հալիբյորթոնի թրեյդը՝ Սակրամենտո ուղարկելով թիմի աստղ Դոմանտաս Սաբոնիսին, 2024-ին էլ «Ռեփթորսից» թրեյդի արդյունքում ստացավ Պասկալ Սիակամին՝ մեծ հաշվով չկորցնելով թիմի և ոչ մի առանցքային խաղացողի:

Արդյունքը երևում է արդեն երկրորդ տարին անընդմեջ:

ԹԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ

«Փեյսերսին» թերագնահատել են միշտ, նախորդ տարի թիմը կանխագուշակումներով 22-րդ տեղում էր՝ կոնֆերենցիայի եզրափակիչ հասնելու ցուցակում, այս տարի՝ 25-րդ հորիզոնականում: 2 դեպքում էլ Ռիկ Կառլայլի թիմը հասավ արևելքի եզրափակիչ:

Ընթացիկ մրցաշրջանում «Փեյսերսի» գրեթե ոչ մի խաղ չի հեռարձակվել ԱՄՆ-ի ազգային հեռուստատեսությամբ, դե իսկ առաջին ռաունդի դիմակայությունը «Բաքսի» հետ ԱՄՆ-ում ցուցադրվում էր միայն NBA TV հավելվածում: Լիգայի բասկետբոլիստների կարծիքով՝ թիմի աստղ Թայրիզ Հալիբյորթոնը լիգայի ամենագերագնահատված բասկետբոլիստն է: Բայց մի՞թե գերագնահատված բասկետբոլիստը կարող է փլեյ-օֆֆի առաջատարը լինել ասիստների քանակով, զբաղեցնել երկրորդ հորիզոնականը քլաչ-միավորներով և նետել 3 գեյմ-ուիներ 1 ամսվա ընթացքում... Դժվար թե:

«Փեյսերսին» թերագնահատում են, և դա նրանց գլխավոր առավելությունն է:

ԿԱԶՄԻ ԽՈՐՈՒԹՅՈՒՆ

«Մենք տարբերվում ենք փլեյ-օֆֆի մյուս թիմերից, մենք մրցակցին հաղթում ենք տարբեր եղանակներով, մեզանից յուրաքանչյուրը կարող է հաղթել խաղը թիմի համար...»

Եվ, իրոք, Հալիբյորթոնի խոսքերի ապացույցը մենք տեսնում ենք մանրահատակին: «Փեյսերսը» չէր լինի եզրափակիչում, եթե չլինեին Արոն Նեսմիթն ու Էնդրյու Նեմբհարդը, որոնք կարող են հարձակման գծում իրացնել կարևորագույն նետումներ ու միևնույն ժամանակ հսկել մրցակցի ամենաուժեղ բասկետբոլիստին:

Երկրորդ էշելոնը նույնպես տպավորում է: Կառլայլը փլեյ-օֆֆի ռոտացիայում օգտագործում է 11 բասկետբոլիստ, 11, Կա՛ռլ...

Օբի Թոփին, ԹիՋեյ Մակքոնել, Բենեդիկտ Մեթուրին, Ջերես Ուոքեր, Բեն Շեփարդ, Թոմաս Բրյանտ. այս տղաներից յուրաքանչյուրը կարևորագույն պահերին կարող է օգնել ու նպաստել թիմային հաջողությանը: «Փեյսերսը» փլեյ-օֆֆի լավագույն հարձակումն ունի (միջինում 119,5 միավոր), լավագույնն է խաղային տեմպով: Դրանով պայմանավորված՝ խաղի վերջին րոպեներին, երբ մրցակցի 8 խաղացողից կազմված ռոտացիան հոգնում է, «Ինդիանան» վազում է բարձր տեմպով, հոգնատանջ անում մրցակցին ու հասնում հաղթանակի:

ՌԻԿ ԿԱՌԼԱՅԼ

«Իմ թիմը պետք է ֆիզիկապես գերազանցի մրցակցին, վազում ենք ավելի շատ, տեղաշարժում ենք գնդակն ավելի արագ, ստեղծում ենք ազատ նետման տարածություններ, ստիպում ենք մրցակցին սխալվել...»

Ճիշտ մարզիչ՝ ճիշտ վայրում: Կառլայլը 4 տարվա ընթացքում մրցաշարային աղյուսակի անդունդում գտնվող «Փեյսերսին» դարձրեց քընթենդեր: Կառլայլի գլխավոր ունակությունը յուրաքանչյուր բասկետբոլիստի լավագույն կարողությունները թիմային մարտավարության մեջ ներդնելն է: Հենց նրա շնորհիվ Հալիբյորթոնը դարձավ լիգայի լավագույն ասիստենտներից, հենց նա Մայլզ Թըրներին համոզեց մնալ Ինդիանայում ու դառնալ լիգայի ամենաունիվերսալ կենտրոնականներից մեկը:

2024թ. փլեյ-օֆֆն ու պարտությունը կոնֆերենցիայի եզրափակիչում կոփեցին «Փեյսերսին»: Այժմ նրանք ավելի հասուն են, ավելի դինամիկ ու մահացու: Հենց թիմային խաղի շնորհիվ «Փեյսերսը» պայքարից դուրս թողեց Յանիսին ու «Բաքսին» և սենսացիոն հաղթանակ տարավ կոնֆերենցիան հաղթած «Քավալիերսի» դեմ պայքարում:

Առջևում «Նյու Յորք Նիքսի» դեմ սերիան է, որի առաջին հանդիպումը, ի դեպ, կրկին ապացուցեց, թե ինչպես է «Փեյսերսը» պայքարում մինչև վերջ: Խաղի ավարտից 3 րոպե առաջ «Ինդիանան» պարտվում է 17 միավորի տարբերությամբ...

Բայց, մի՞թե դա խնդիր է «Փեյսերների» համար: Արոն Նեսմիթի 6 դիպուկ 3-միավորանոցներն ու Հալիբյորթոնի կարևորագույն նետումը խաղը տեղափոխեցին օվերթայմ, որտեղ Ռիկ Կառլայլի թիմը հաղթեց:

«Մեզ 7 հաղթանակ է բաժանում չեմպիոնությունից... Եվս 7-ը, և մենք չեմպիոն ենք...»

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner