Logo

Ի՞նչ է կատարվում Պատանի հանդիսատեսի թատրոնում, ինչի՞ց են դժգոհ դերասանները, ի՞նչ է պատասխանում քաղաքապետարանը

22:02 / 13.05.2025Լուրեր
null

«Fast News Culture»-ն արդեն տեղեկացրել է, որ Էմին Թորոսյանին հեռացրել են Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնից։ Պաշտոնանկությունը շարժել է դերասանների դժգոհությունը։ Նրանք համարում են, որ Էմին Թորոսյանին աշխատանքից ազատել են առանց հիմնավոր պատճառի։ Լրագրողների հետ հանդիպմանը Արթուր Կարապետյանը հայտարարեց, որ ունենք շատ հարցեր, որոնց պատասխանները կցանկանային ստանալ քաղաքապետարանից։ «Եթե Էմին Թորոսյանը հանցագործ է, ինչ-որ մեղքեր է գործել, պետք է դերասաններին ասեն։ Մենք էլ կասենք, ինչ լավ է, նրանից ազատվեցինք։ Այսօր մենք դիմում ենք գրել քաղաքապետարան, խնդրում ենք, որ մինչև ժամը 18։00-ն գան ու մեզ տան բոլոր հարցերի պատասխանները, որպեսզի փչացած հեռախոսի էֆեկտով սխալ լուրեր չտարածվեն։ Ամեն ինչ պետք է լինի պարզ ու թափանցիկ։ Չեմ հասկանում՝ ինչու պետք է հեռացնել աշխատող մեքենայի շարժիչը, որն առաջ է տանում աշխատանքը, որից կոլեկտիվի բոլոր անդամները գոհ են։ Բոլորը կանգնած են Էմինի թիկունքին, որպեսզի չզրկվեն բանիմաց և պրոֆեսիոնալ տնօրենից», - նշել է դերասանը։

Թատրոնի գեղարվեստական գծով պատասխանատու Հրաչյա Գասպարյանն ընդգծել է, որ 2․5 ամսվա աուդիտից հետո քաղաքապետարանը թատրոնում ոչինչ չի գտել և տնօրենին մեղադրել է, թե մեծ թվով հրավիրատոմսեր է բաժանել։ Թեպետ այդ հարցում որևէ սահմանափակում չկա։ Ըստ դերասանների՝ հրավիրատոմսերը տրվել են բացառապես սոցիալապես խոցելի խմբերին՝ հաշմանդամ երեխաներին, ուսուցիչներին, որոնք  աշակերտների են ուղեկցել թատրոն, ինչպես նաև թոշակառուներին։ Նրանք հավելել են, որ թատրոնում հրավիրատոմսերի բաժանման չափը կազմել է մոտ 9%, այն դեպքում, երբ հնարավոր էր հասնել 20%-ի։

«Ես այս թատրոնում աշխատում եմ արդեն 60 տարի։ Կյանքում շատ հանցագործություններ եմ տեսել, բայց նման հանցագործություն չեմ տեսել։ Մարդուն աշխատանքից հանեն նրա համար, որ հրավիրատոմս է տվել հաշմանդամ երեխաներին, զինվորներին, թոշակառուներին։ Իրենց մարդը ունե՞ն, թող տանեն, ուրիշ տեղ խոթեն, ինչի՞ եք քանդում 95 տարվա թատրոնը։ Էմինի նման մարդուն ուզում եք աշխատանքից հանել աբսուրդ պատճառով։ Ուրիշ տեղ նման բան կա՞, որ հրավիրատոմս տրամադրելու համար մարդուն աշխատանքից հանեն։ Քանի օր է՝ ասում ենք, եկեք։ Էդ քաղաքապետարանից երբևէ եկե՞լ են, մեր ներկայացումներից որևէ մեկը նայե՞լ են», - բարկացել է դերասան Արմեն Սանթրոսյանը։

Քաղաքապետարանի պատասխանը չուշացավ։ Մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ներկայացավ հայտարարությամբ։ «Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի մշակած համալիր առողջացման ծրագիրը, որն իր մեջ ներառում է ինչպես թատրոնի շենքային պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման, այնպես էլ գեղարվեստական բովանդակության վերանայման և ստեղծվող մշակութային արտադրանքի՝ արդի պահանջներին համապատասխանեցման, պատանի հանդիսատեսին արվեստի և գրականության նոր նմուշների հետ ծանոթացման, թատերական ներկայացումների որակի բարելավման գործընթացը: Մասնավորապես, առաջիկայում նոր թափով կշարունակվի թատրոնի շենքի նորոգումը, որից հետո կիրականացվի թատրոնի տեխնիկական ամբողջական վերազինման ծրագիրը: Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում իրականացված վերազինման և արդիականացման ծրագրի նմանությամբ, Պատանի հանդիսատեսի թատրոնը նույնպես կվերազինվի նոր ձայնային և լուսային տեխնիկայով: Շենքի նորոգման և արդիականացման ամբողջական ծրագրի համար համայնքային բյուջեից կհատկացվի շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ: Թատրոնի շենքի նորոգման ընթացքում քաղաքապետարանը նախատեսում է թատրոնի անձնակազմին գործուղել մարզային հյուրախաղերի՝ ապահովելով թատրոնի անձնակազմի ծանրաբեռնվածությունը: Մինչև տարեվերջ նախատեսվում է մեծացնել թատրոնի սուբսիդավորումը շուրջ 150 մլն ՀՀ դրամով, որից 100 մլն ՀՀ դրամ կուղղվի աշխատավարձային ֆոնդի ավելացմանը, ինչը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել աշխատակազմի աշխատավարձը: Եվս 50 մլն ՀՀ դրամ նախատեսվում է հատկացնել նոր ծրագրերի և բեմադրությունների իրականացման համար: Թատրոնում իրականացվող փոփոխությունների առնչությամբ թատրոնի ստեղծագործական կազմը բարձրաձայնել է մի շարք հարցեր, որոնց քննարկման համար թատրոնի կոլեկտիվին ս/թ մայիսի 12-ին, ժամը 15:00-ին հրավիրել ենք Երևանի քաղաքապետարան՝ քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ հանդիպման: Սակայն, թատրոնի ներկայացուցիչները նշված հանդիպմանը չեն ներկայացել», - գրել է Կոստանյանը:

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner