«Ուրարտուն» և «Փյունիկը» պարտությամբ մեկնարկեցին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում: «Ուրարտուն» տնային խաղում 1-2 հաշվով պարտվեց բելառուսական «Նեմանին», իսկ «Փյունիկը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջեց Սան Մարինոյի «Տրե Ֆիորիին»:
FastNews-ը հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստով:
1. «Ուրարտուն» եվրագավաթներում 13-րդ անգամ պարտությամբ մեկնարկեց: Մեկնարկային մյուս 4 հանդիպումներում «Ուրարտուն» 2 հաղթանակ է տոնել, նույնքան անգամ ոչ-ոքի է գրանցվել: Հաղթական առաջին մեկնարկը տեղի է ունեցել 2006/07թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում, որում «Բանանցը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության էր մատնել վրացական «Ամերիին»: Կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկությունում էլ «Ուրարտուն» մրցաշարը սկսել էր էստոնական «Կալևի» նկատմամբ 2-1 հաշվով տարած հաղթանակով:
2. «Ուրարտուն» եվրագավաթներում առաջին անգամ մրցեց բելառուսական ակումբի հետ: «Նեմանը» Բելառուսի 4-րդ ներկայացուցիչն էր, որ եվրագավաթներում հանդիպեց հայկական թիմի հետ: Հայկական ակումբները 5-րդ պարտությունը կրեցին: 3 խաղում գրանցվել է ոչ-ոքի, իսկ միակ հաղթանակը տարել է «Արարատը» 2007/08թթ. Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում Սոլիգորսկի «Շախտյորի» հետ մրցավեճում՝ 2-0: Գնդակների տարբերությունն էլ մրցակիցների օգտին է՝ 14-8:
3. Եվրագավաթներում «Փյունիկի» 24-րդ մեկնարկը պարտությամբ ավարտվեց, որը 9-րդն էր թիմի մեկնարկային հանդիպումներում: Փյունիկցիները 8 անգամ հաղթանակով են սկսել մրցաշարը, 7 անգամ էլ մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել:
4. «Փյունիկի» 2-րդ ծանոթությունը Սան Մարինոյի ներկայացուցչի հետ անհաջող էր: 2015/16թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկու խաղերում էլ միևնույն 2-1 հաշվով հաղթել էր Սան Մարինոյի «Ֆոլգորեին»: Իսկ մինչև այդ «Շիրակը» 2013/14թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պայքարից դուրս էր մղել «Տրե Պենեին»՝ 3-0, 0-1:
5. «Ուրարտուն» եվրագավաթներում անցկացրած 39 հանդիպումներում 29-րդ պարտությունը կրեց: Թիմը միայն 7 հաղթանակ է տարել, 3 խաղ ավարտել է ոչ-ոքի, խփել է 31 գոլ, բաց է թողել 85 գնդակ:
«Փյունիկը» եվրագավաթներում 44-րդ պարտությունը կրեց: Փյունիկցիները 28 հաղթանակ են տարել, 17 խաղ ավարտել են ոչ-ոքի, խփել են 88 գոլ, բաց են թողել 143 գնդակ:
6. «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը 2-րդ անգամ ստանձնած Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ թիմը կրկին անհաջող հանդես եկավ եվրագավաթներում: Նրա օրոք «Ուրարտուն» 2021/22թթ. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում դուրս էր մնացել հետագա պայքարից՝ երկու հանդիպումներում էլ նվազագույն հաշվով զիջելով Սլովենիայի «Մարիբորին»:
7. Նիկոլաս Կալուկյանը գոլով նշեց նորամուտը եվրագավաթներում: Նա ընդգրկվեց «Ուրարտուի» կազմում եվրագավաթներում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ մրցակցի դարպասը գրավելով 22 տարեկան 142 օրականում:
8. Գոռ Մատինյանը, Մաքսիմ Պալիենկոն, Արտեմի Գունկոն, Բրունո Միշելը, Վլադիսլավ Յակովլևը և Նիկոլաս Կալուկյանը եվրագավաթներում նորամուտը նշեցին «Ուրարտուի» կազմում:
9. Յուսուֆ Օտուբանջոն եվրագավաթներում «Փյունիկի» կազմում 28-րդ խաղն անցկացրեց ու դարձավ թիմի ռեկորդակիրը: Նիգերիացի հարձակվողը գերազանցեց Ժունինյուի ցուցանիշը, որը փյունիկցիների կազմում 27 խաղի էր մասնակցել:
10. Ֆիլիպե Ալմեյդան, Սեադ Իսլամովիչը, Գևորգ Տարախչյանը, Սարգիս Մեթոյանը, Խավի Մորենոն, Դանիել Աղբալյանը, Մարիուս Նուբիսին, Դանիիլ Կուլիկովը և Նիկոլայոս Կենոուրգիոսը «Փյունիկի» կազմում առաջին խաղն անցկացրին եվրագավաթներում: