Անվանի նախկին ֆուտբոլիստ Կոլո Տուռեն ընդգրկվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում, հայտնում է «Քաղաքաբնակների» պաշտոնական կայքը։
44-ամյա մասնագետն ԱՄՆ-ում ավարտված աշխարհի ակումբային առաջնությունում արդեն սկսել էր աշխատանքն ու Գվարդիոլայի օգնականի ժամանակավոր պաշտոնակատարն էր, իսկ այժմ մանկունիական գրանդը նրան հաստատել է պաշտոնում։
Տուռեն 2024/25 մրցաշրջանում էլ եղել է «Մանչեսթեր Սիթիի» Մ18 թիմի գլխավոր մարզչի օգնականը։ Նույն պաշտոնը նա զբաղեցրել է նաև Կոտ դ'Իվուարի ազգային և Մ23 հավաքականներում, «Սելթիկում», «Լեսթերում»։
Նախկին պաշտպանը կարիերայի ընթացքում՝ 2009-13 թթ., հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», 102 խաղում խփել է 3 գոլ, կատարել 1 ասիստ։