Logo

Մկոյանը նոր մրցաշրջանը կդիմավորի իր կարիերայի հայկական 8-րդ ակումբում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:59 / 13.07.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայկական 3 թիմերն առաջին հանդիպումներն անցկացրին եվրագավաթներում: Համալրման գործընթացն այդ թիմերում գրեթե ավարտվել է: Իսկ ահա մյուս ակումբները շարունակում են տրանսֆերային ամառվա ընթացքում կազմի փոփոխությունները՝ նախապատրաստվելով նոր մրցաշրջանին:

Արդեն կայացած տրանսֆերներից ուշագրավ է նախորդ առաջնության ամենատարեց ու ամենափորձառու ֆուտբոլիստ, 38-ամյա Հրայր Մկոյանի տեղափոխությունը «Վան»: Չարենցավանյան ակումբը Մկոյանի ֆուտբոլային հարուստ կենսագրությունում կլինի հայկական 8-րդ թիմը, որի կազմում փորձառու ֆուտբոլիստը Հայաստանում 19-րդ մրցաշրջանը կանցկացնի: Նա արդեն 22 տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլում է: Մկոյանից ավելի երկար հայկական ակումբներում հանդես են եկել միայն Գևորգ Կասպարովը (22 մրցաշրջան) և Հովհաննես Թահմազյանը (20):

Ի դեպ, «Վանի» հետ հանդիպումները հիշարժան են եղել Մկոյանի համար: Գյումրիում ապրիլի 12-ին «Վանի» հետ կայացած խաղում Հրայր Մկոյանը ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 600-րդ խաղն անցկացրեց: Հետաքրքիր է, որ 500-րդ խաղի հոբելյանը Մկոյանը ևս նշել էր «Վանի» հետ կայացած առաջնության խաղում: 2022թ. մարտի 1-ին Չարենցավանում տեղի ունեցած առաջնության 20-րդ տուրի այդ խաղում Մկոյանն «Արարատի» ավագն էր:

 

Ֆուտբոլային առաջին քայլերը Մկոյանը կատարել է հարազատ Գյումրիում: Դեռ 18 տարին չլրացած, Մկոյանը նորամուտը նշեց «Շիրակում»՝ մասնակցելով 2004թ. հունիսի 12-ին Երևանում «Արարատի» հետ կայացած առաջնության 9-րդ տուրի հանդիպմանը: Խաղի 81-րդ րոպեին, երբ «Շիրակը» պարտվում էր 0-2 հաշվով, թիմի գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանն Արման Տոնոյանի փոխարեն խաղադաշտ մտցրեց պատանի Հրայրին:

Հանգամանքների բերումով, Մկոյանը տարբեր ժամանակահատվածներում 3 անգամ հեռացել է «Շիրակից» ու կրկին վերադարձել է հարազատ կոլեկտիվ, որի մարզաշապիկով էլ առավել հաճախ՝ 151 անգամ խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի առաջնություններում:

«Շիրակի» ավագը խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասար-Կապանում», «Արարատ-Արմենիայում» և «Ալաշկերտում»:

Հայկական 8 ակումբներում հանդես եկած Արսեն Բեգլարյանը որոշ ընդմիջումից հետո կրկին կպաշտպանի «Ալաշկերտի» դարպասը: Նա «Վանի» իր խաղընկերների հետ է տեղափոխվել «Ալաշկերտ», որի կազմում խաղացել է 2016/17 և 2017/18թթ. առաջնություններում: Հայաստանում նա պաշտպանել է նաև «Գանձասար-Կապանի», «Շիրակի», «Ուլիսի», «Միկայի», «Ուրարտուի» և «Արարատ-Արմենիայի» դարպասները:

Բեգլարյանի հետ «Ալաշկերտ» է տեղափոխվել նաև հայկական 7 ակումբներում հանդես եկած Անատոլի Այվազովը, որն ալաշկերտցիների կազմում նախկինում խաղացել է 2023/24թթ. առաջնությունում:

8 թիմում է խաղացել նաև Հենրի Ավագյանը, որը նախորդ առաջնության գարնանային հատվածում «Արարատ-Արմենիայի» դարպասը պաշտպանելուց հետո կրկին վերադարձել է «Փյունիկ»:

«Փյունիկում» կես մրցաշրջան խաղալուց հետո 7 թիմերում հանդես եկած Արթուր Գրիգորյանը վերադարձել է «Արարատ»: Որոշ ընդմիջումից հետո «Արարատում» կխաղա նաև փյունիկցի Արման Հովհաննիսյանը: Արարատցիների մարզական պատիվը կպաշտպանի նաև 6 թիմերում խաղացած Արթուր Քարտաշյանը:

FastNews-ը ներկայացնում է տրանսֆերային ամառվա ընթացքում նոր թիմ տեղափոխված այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք իրենց կարիերայի ընթացքում խաղացել են 5 և ավելի հայկական ակումբներում:

Ֆուտբոլիստներ

Թիմեր

1. Հենրի Ավագյան

8

2. Արսեն Բեգլարյան

8

3. Հրայր Մկոյան

7

4. Արթուր Գրիգորյան

7

5. Անատոլի Այվազով

7

6. Արթուր Քարտաշյան

6

7. Արման Հովհաննիսյան

6

8. Գևորգ Տարախչյան

5

9. Յուրի Գարեգինյան

5

10. Սերոբ Գրիգորյան

5

11. Ռոբերտ Հակոբյան

5

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner