Յանիկ Սիները կարիերայում առաջին անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի տիտղոսը։
Մրցաշարի եզրափակիչում աշխարհի առաջին ռակետը 4-6, 6-4, 6-4, 6-4 հաշվով հաղթեց Կառլոս Ալկարասին (Իսպանիա, երկրորդ ռակետ)։ Մրցախաղը, որը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր, տևեց 3 ժամ 4 րոպե։
Սիները դարձավ պատմության մեջ առաջին իտալացին, որը հաղթեց «Ուիմբլդոնը»։ 23-ամյա թենիսիստը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում չորրորդ տիտղոսը նվաճեց։ Նա երկու անգամ հաղթել է նաև Ավստրալիայի, մեկ անգամ` ԱՄՆ-ի բաց առաջնությունը։
Այս մրցախաղով Սիներն ընդհատեց Ալկարասի` «Ուիմբլդոնում» 20 անընդմեջ հաղթանակների շարքը։ Իսպանացին մրցաշարում նախորդ պարտությունը նույնպես կրել էր Սիներից` 2022թ. պայքարն ավարտելով 1/8 եզրափակիչում։ Դրանից հետո Ալկարասը 2023 և 2024թթ. հաղթել էր մրցաշարը։