Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի առաջին հանդիպումներում հաղթելով, «Արարատ-Արմենիան» և «Նոան» պատասխան խաղերից առաջ եզրափակչի ուղեգիր նվաճելու լավ հնարավորություն են ստացել:
FastNews-ը գավաթի կիսաեզրափակչի առաջին հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին միևնույն 2-0 հաշվով: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 22 հանդիպումներից 9-ում հաղթել են դաշտի տերերը, 12-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, մեկ խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
Կայացած 2 հանդիպումներում խփվեց 4 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2 գոլ): Գավաթի ընթացիկ խաղարկության 22 հանդիպումներում արդեն գրանցվել է 88 գոլ (միջինը մեկ խաղում՝ 4 գոլ):
2. «Արարատ-Արմենիան» Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում գործող գավաթակիրը երկու խաղերում էլ հաղթել էր «Ուրարտուին»՝ 1-0, 2-1: Գավաթի մրցաշարերում «Արարատ-Արմենիան» արդեն 7 խաղ անպարտելի է: Վերջին պարտությունը Հայաստանի կրկնակի չեմպիոնը կրել է գավաթի 2022/23թթ. մրցաշարում՝ քառորդ եզրափակչում 0-4 հաշվով զիջելով «Ուրարտուին»:
3. «Փյունիկը» գավաթի ընթացիկ խաղարկությունում առաջին պարտությունը կրեց ու նաև առաջին անգամ խաղադաշտից հեռացավ առանց գոլ խփելու: Ընթացիկ մրցաշրջանում «Արարատ-Արմենիայի» հետ անցկացրած վերջին 4 խաղերում էլ «Փյունիկը» պարտվել է ընդհանուր 3-11 հաշվով: Միայն մրցակիցների առաջին խաղում է «Փյունիկը» հաղթել՝ 3-1:
4. «Նոան» գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 4-րդ խաղում էլ հաղթեց ու կրկին «չոր» հաշվով: Ռուի Մոտայի գլխավորած թիմը միակն է, որ գավաթի ընթացիկ խաղարկությունում դեռ գոլ բաց չի թողել՝ փոխարենը մրցակիցների դարպասը խփելով 11 գնդակ:
Գավաթի մրցաշարերում «Նոան» երկրորդ խաղում էլ հաղթեց «Վանին», որին 2019թ. նոյեմբերի 27-ին Չարենցավանում կայացած քառորդ եզրափակչի խաղում պարտության էր մատնել Բենիկ Հովհաննիսյանի խփած միակ գոլի շնորհիվ:
5. «Վանը» գավաթի ընթացիկ խաղարկությունում առաջին պարտությունը կրեց և առաջին անգամ չգտավ մրցակցի դարպասի բանալին: Իսկ նախորդ 4 հաղթական խաղերում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը մրցակիցներին 3-ական գոլ էր խփել:
6. Մարիուս Նուբիսին բացեց գոլերի հաշիվը գավաթի մրցաշարերում: Դա «Փյունիկի» հետ հանդիպումներում կամերունցի ֆուտբոլիստի 4-րդ գնդակն էր: Նախորդ երկուսը նա խփել էր Սուպերգավաթի խաղում, մեկ անգամ էլ աչքի էր ընկել առաջնությունում:
Պաշտոնական վերջին 5 հանդիպումներում Նուբիսին խաղադաշտից չի հեռացել առանց գոլի՝ 8 անգամ գրավելով մրցակիցների դարպասը: Բոլոր մրցաշարերում խփած 16 գոլով Նուբիսին ընդգրկվեց «Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում:
7. Էրիկ Օկանսին էլ առաջին գոլը խփեց գավաթի մրցաշարերում: Պաշտոնական մրցումներում Օկանսին «Արարատ-Արմենիայում» գոլերի հաշիվը բացել էր անցյալ տարվա հուլիսի 25-ին Մոլդովայի «Զիմբրուի» հետ կայացած Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի խաղում՝ դառնալով դուբլի հեղինակ: Օկանսին ընթացիկ մրցաշրջանում 3-րդ անգամ գրավեց «Փյունիկի» դարպասը:
8. Մաթեուս Այասը գավաթի ընթացիկ խաղարկությունում 3-րդ գոլը խփեց: Նա հավասարվեց գավաթի մրցաշարերում «Նոայի» լավագույն ռմբարկուներ Մաքսիմ Մայրովիչին և Վլադիմիր Ազարովին:
9. Իսկ ահա Իմրան Օմարը բացեց գոլերի հաշիվը գավաթի մրցաշարերում: Նա «Նոայի» կազմում պաշտոնական մրցումներում 9-րդ գոլը խփեց և ընդգրկվեց ակումբի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում:
10. Գավաթի կիսաեզրափակչի երկու խաղերում էլ մրցավարները մեկական կարմիր քարտ ցույց տվեցին: Խաղադաշտից հեռացվեցին փյունիկցի Սանի Բուհարին և «Վանի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը: