
Հունգարիայի ու Անգլիայի հավաքականների միջև «Պուշկաշ Արենայում» երեկ կայացած հանդիպումը խաղային տեսանկյունից առանց խոչընդոտների էր անգլիացիների համար: Հյուրերը հաղթանակի հասան խոշոր՝ 4-0 հաշվով:
Հանդիպման ընթացքում, սակայն, եղան իրադարձություններ, որոնք իրենց գրավչությամբ չզիջեցին տպավորիչ հաշվին: Հունգարիայի հավաքականի երկրպագուները շարունակաբար ռասիստական արտահայտություններ էին հնչեցնում Ռահիմ Ստեռլինգի հասցեին, որն ամեն կերպ իր պարկեշտ քայլերով փորձում էր ետ կանգնեցնել մրցակցի աջակիցներին անթույլատրելի վարքագծից:
Ստեռլինգի արձագանքը, երբ տրիբունայից կապիկի ձայներ է լսում
Հանդիպման 55-րդ րոպեին Ռահիմ Ստեռլինգը բացեց խաղի հաշիվը, որից հետո հարգանքի տուրք մատուցեց կորոնավիրուսի համավարակի պատճառով վերջերս կյանքից հեռացած, Instagram-ում և Twitch-ում հայտնի Ստեֆի Գրեգին, որը 2018 թվականին «Էթիհադ» ստադիոնում Ստեռլինգի՝ «7» համարի խաղաշապիկը հագին լուսանկար էր հրապարակել:
«Հավերժ կսիրեմ քեզ, Ստեֆի Գրեգ»,- գրված էր Ռահիմ Ստեռլինգի շապիկի վրա:
«Այս մեկը քեզ համար էր, Ստեֆի Գրեգ»,- գրել է Ստեռլինգը խաղից հետո:
This one was for you SVG ❤️🙏🏾🕊 pic.twitter.com/q29p3jEtRz
— Raheem Sterling (@sterling7) September 2, 2021
Այն ժամանակ, երբ Ստեռլինգը խաղադաշտում տոնում էր գոլը, որն առաջինն էր այս խաղում, հունգարացի երկրպագուները շարունակում էին ռասիստական արտահայտությունները: Նրանք տրիբունայից շշեր են նետել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների, մասնավորապես՝ Ռահիմ Ստեռլինգի ուղղությամբ: Անգլիացիներից Դեկլան Ռայսն էլ ծաղրանքով է պատասխանել երկրպագուներին: Նա խոտածածկից վերցրել է խաղադաշտ նետված ըմպելիքն ու խմել: