Վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության ընտրական փուլի E խմբի հանդիպումները կանցկացվեն Երևանում։ Խաղերը տեղի կունենան հուլիսի 21-23-ը, հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը։
Հայաստանի հավաքականն այդ խմբում կմրցի Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Դանիայի թիմերի հետ: Վոլեյբոլի Մ22 Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա 2024 թվականին Նիդերլանդներում:
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը խոսել է ընտրական հանդիպումները Երևանում անցկացնելու մասին․ «Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիան Հայաստանին է վստահել անցկացնել Եվրոպայի առաջնության ենթախմբային փուլը, որն աննախադեպ է հայկական վոլեյբոլի պատմության մեջ: Հայաստան կժամանեն Եվրոպայում լավագույնը համարվող Ֆրանսիայի և Դանիայի տղաների թիմերը: Համոզված ենք՝ պատվով կանցկացնենք այս խոշոր իրադարձությունը»:
Կարեն Ասմարյանը նշել է, որ սա լավ հնարավորություն է Հայաստանի համար՝ նախապատրաստվելու Երևանում 2025 թվականին նախատեսված Եվրոայի Մ17 առաջնությանը, որին կմասնակցեն 16 հավաքականներ:
Նախապատրաստվելով Եվրոպայի առաջնության ընտրական փուլին՝ Հայաստանի Մ22 հավաքականն ուսումնամարզական հավաքներ և ընկերական խաղեր կանցկացնի Վրաստանում: Հավաքականի կազմը և մարզչական շտաբը կձևավորվեն մայիսին Երևանում նախատեսված մեկ այլ միջազգային երիտասարդական մրցաշարի արդյունքներով: