Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։
Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները հունիսի 17-ին 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։
Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 1 ժամ 8 րոպեում 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։
Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրեց զուգախաղում։ Սողոմոնյան - Ամիրաղյան զույգը 6-2, 6-1 հաշվով առավելության հասավ Պիչելի ու Խիմենես Կասինցևայի դեմ մրցախաղում։
Գայանե Մովսիսյանի գլխավորած թիմը նախորդ օրը հաղթել էր նաև Սան Մարինոյին (3-0) և 2 միավորով խմբի առաջատարն է։ Հունիսի 18-ին Հայաստանը կմրցի նույնքան միավոր ունեցող Մալթայի թիմի դեմ։