Logo

Հավաքականի անփառունակ ելույթների տխուր վիճակագրությունը. Պորտուգալիա -Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:44 / 17.11.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց իր անփառունակ ելույթները 2026թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում՝ ավարտական խաղում հյուրընկալվելիս 1-9 ջախջախիչ հաշվով պարտվելով պորտուգալացիներին: ՀՀ հավաքականն անցկացրած 6 հանդիպումներում վաստակած 3 միավորով եզրափակեց ընտրական մրցաշարի F խմբի մրցաշարային աղյուսակը:

FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Հայաստանի ազգային հավաքականը 2026թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց, որը 5-րդն էր: Անցկացրած 6 հանդիպումներից 4-ում մեր ֆուտբոլիստները չգտան մրցակիցների դարպասի բանալին: Հայաստանի հավաքականը խփեց ընդամենը 3 գոլ, սեփական դարպասը բաց թողեց 19 գնդակ: Միակ հաղթանակը մեր հավաքականը տարավ իռլանդացիների հետ կայացած տնային խաղում՝ 2-1:

Մրցաշրջան-2025-ը շատ անհաջող էր Հայաստանի հավաքականի համար, որն անցկացրած 10 հանդիպումներից 8-ում պարտվեց, որից 5-ում՝ խոշոր հաշվով, մեկական խաղում հաղթեց ու ոչ-ոքի գրանցեց: Մեր ֆուտբոլիստներն ընդամենը 8 գոլ խփեցին, սեփական դարպասը 35 գոլ ընդունեցին:

Արդյունավետությամբ աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը՝ խփելով 5 գոլ: Մեկական անգամ մրցակցի դարպասը գրավեցին Էդգար Սևիկյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը, մեկ գոլ էլ սեփական դարպասը խփեց Կոսովոյի հավաքականի ֆուտբոլիստ Ամիր Սաիպին:

2. Հայաստանի հավաքականը 8-րդ անգամ մասնակցեց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերին և 3-րդ անգամ եզրափակեց իր խմբի մրցաշարային աղյուսակը: Նախկինում նման արդյունք գրանցվել էր 2002 և 2010թթ. ընտրական մրցաշարերում:

2002թ. ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ անցկացրած 10 հանդիպումներում 5 միավոր էր վաստակել (հնարավոր միավորների 16,6 տոկոսը) խփած և բաց թողած գնդակների 7-19 տարբերությամբ՝ չտոնելով ոչ մի հաղթանակ:

2010թ. ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականն անցկացրած 10 հանդիպումներում 4 միավոր էր վաստակել (հնարավոր միավորների 13,3 տոկոսը), խփել էր 6 գոլ, բաց էր թողել 22 գնդակ: Մեկնարկային 5 հանդիպումներում հավաքականի ղեկին դանիացի Յան Պոուլսենն էր, որի օրոք հավաքականը մեկ միավոր էր վաստակել: Վարդան Մինասյանի գլխավորությամբ անցկացված հաջորդ 5 խաղերում հավաքականի հաշվին 3 միավոր էր գրանցվել:

3. Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ 2026թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հավաքականն ամենացածր միջին արդյունավետությունը ցույց տվեց՝ միջինը մեկ խաղում խփելով 0,5 գոլ: Նախկինում վատագույն արդյունքը գրանցվել էր 2010թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում՝ 0,6 գոլ (6 գոլ 10 խաղում):

Միջինը մեկ խաղում բաց թողած գոլերի քանակով էլ (19 գոլ 6 խաղում, միջինը՝ 3,1) հավաքականի ներկայիս արդյունքը վատագույնն է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերում: Մինչև այդ վատագույն արդյունքը գրանցվել էր 2018թ. ընտրական մրցաշարում, որի 10 հանդիպումներում հավաքականը 26 գոլ էր բաց թողել (միջինը՝ 2,6 գոլ):

4. Հայաստանի հավաքականը կրկնեց պաշտոնական մրցումներում իր ամենախոշոր հաշվով պարտության հակառեկորդը: Նախկինում 1-9 հաշվով Հայաստանի հավաքականը պարտվել էր իտալացիներին 2019թ. նոյեմբերի 18-ին Պալերմոյում անցկացված Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում, որում հավաքականի գլխավոր մարզիչն Աբրահամ Խաշմանյանն էր:

Իսկ հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունը գրանցվել է Խոակին Կապառոսի օրոք՝ 2022թ. մարտի 29-ին Օսլոյում նորվեգացիների հետ կայացած ընկերական խաղում, որում մրցակիցը 9 անպատասխան գնդակ խփեց:

5, Արտագնա վերջին 6 հանդիպումներում հավաքականը 5 պարտություն է կրել (Վրաստան՝ 1-6, Կոսովո՝ 2-5, Հունգարիա՝ 0-2, Իռլանդիա՝ 0-1, Պորտուգալիա՝ 1-9)՝ միակ ոչ-ոքին գրանցելով Չեռնոգորիայի ազգային թիմի հետ անցկացրած ընկերական խաղում (2-2): Այդ խաղերում ՀՀ հավաքականն ընդամենը 6 գոլ է խփել, սեփական դարպասը 25 գոլ է բաց թողել:

Վերջին հաղթանակը հյուրընկալվելիս հավաքականը տարել է անցյալ տարվա նոյեմբերի 17-ին Ռիգայում կայացած Ազգերի լիգայի մրցախաղում՝ 2-1 հաշվով պարտության մատնելով լատվիացիներին:

6. Պորտուգալացիների հետ անցկացրած 8 հանդիպումներում Հայաստանի հավաքականը 6-րդ պարտությունը կրեց: Մյուս երկու խաղերում գրանցվել է ոչ-ոքի: Մինչև 2026թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը մեր հավաքականը պորտուգալացիներին խոշոր հաշվով չէր պարտվել:

Ամենամեծ առավելությանը պորտուգալացիները հասել էին 1997թ. օգոստոսի 20-ին սեփական հարկի տակ անցկացված աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում՝ հաղթելով 3-1 հաշվով: Նախորդ 6 խաղերում պորտուգալացիներն ընդամենը 9 գոլ էին խփել ՀՀ հավաքականի դարպասը, մինչդեռ այս տարվա 2 խաղերում 14 անգամ գրավեցին Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը: Մեր ֆուտբոլիստները 5 անգամ են աչքի ընկել:

7. Հայաստանի հավաքականի հանդիպումներում առաջին անգամ մեկ խաղում մրցակցի 2 ֆուտբոլիստներ հեթ-տրիկի հեղինակ դարձան: Պորտուգալացիների կազմում աչքի ընկան Ժոաու Նևեշն ու Բրունու Ֆեռնանդեշը: Նախկինում պորտուգալացիներից միայն Քրիշտիանու Ռոնալդուին էր հաջողվել մեկ խաղում 3 անգամ գրավել Հայաստանի հավաքականի դարպասը: Դա տեղի էր ունեցել 2015թ. հունիսի 13-ին Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում, որում հյուրեը հաղթել էին 3-2 հաշվով:

Իսկ ընդհանուր առմամբ մրցակցի 10 ֆուտբոլիստների է հաջողվել հեթ-տրիկ գրանցել ՀՀ հավաքականի հետ մրցավեճում: Նրանց թվում են նաև վրացի Շոթա Արվելաձեն (30.03.1997թ.՝ 0-7), ռուս Ռոման Պավլյուչենկոն (04.06.2011թ.՝ 1-3), չեռնոգորցի Ստևան Յովետիչը (10.06.2017թ.՝ 1-4), դանիացի Թոմաս Դիլեյնին (04.09.2017թ.՝ 1-4), լեհ Ռոբերտ Լևանդովսկին (05.10.2017թ.՝ 1-6), հյուսիսմակեդոնացի Էնիս Բարդին (11.11.2021թ.՝ 0-5) և նորվեգացի Ջոշուա Քինգը (29.03.2022թ.՝ 0-9):

8. Հենրի Ավագյանը դարձավ 3-րդ դարպասապահը, որը հավաքականի մեկ խաղում 9 գոլ բաց թողեց: Առաջինն Արամ Հայրապետյանն էր, որի դարպասը 9 անգամ գրավեցին իտալացիները: Իսկ նորվեգացիների հետ խաղում դարպասը պաշտպանում էր Դավիթ Յուրչենկոն:

9. Էդուարդ Սպերցյանը հավաքականում հոբելյանական՝ 40-րդ խաղը նշեց գոլով, որը 11-րդն էր ազգային թիմում: Այդ ցուցանիշով նա հավաքականի լավագույն ռմբարկուների ցանկում Արթուր Պետրոսյանի և Մարկոս Պիզելիի հետ բաժանում է 4-6-րդ տեղերը: 32 գնդակով ցանկը գլխավորում է Հենրիխ Մխիթարյանը, որին հաջորդում են 14-ական գոլ խփած Յուրա Մովսիսյանն ու Գևորգ Ղազարյանը:

Հավաքականում Սպերցյանի նորամուտը կայացել է 2021թ. մարտի 31-ին Երևանում ռումինացիների հետ անցկացված աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: Ընդմիջումից անմիջապես հետո մտնելով խաղադաշտ, 56-րդ րոպեին նա բացել էր հաշիվը՝ նորամուտը նշելով գոլով:

Պորտուգալացիների հետ խաղում ևս 3 ֆուտբոլիստներ հոբելյաններ նշեցին: Արթուր Սերոբյանը 25-րդ անգամ հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ դուրս եկավ, իսկ Էդգար Սևիկյանը 20-րդ խաղն անցկացրեց:
Կամո Հովհաննիսյանն էլ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում 50-րդ խաղն անցկացրեց: Պորտուգալացիների հետ հանդիպումը Կամոյի համար 94-րդն էր հավաքականում, որով նա հավասարվեց Ռոման Բերեզովսկուն: Ավելի շատ խաղերի մասնակցել են միայն Սարգիս Հովսեփյանն (132) ու Հենրիխ Մխիթարյանը (95):

10. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 6 հանդիպումներում Եղիշե Մելիքյանն ընդհանուր առմամբ խաղադաշտ դուրս բերեց 25 ֆուտբոլիստների, որոնցից 3-ը՝ Նարեկ Աղասարյանը, Կարեն Նալբանդյանն ու Արտյոմ Բանդիկյանը նորամուտը նշեցին հավաքականում: Վերջինս դարձավ հավաքականի կազմում մինչև օրս խաղադաշտ դուրս եկած 248-րդ ֆուտբոլիստը:

7 ֆուտբոլիստներ՝ Կամո Հովհաննիսյանը, Սերգեյ Մուրադյանը, Էդուարդ Սպերցյանը, Ժիրայր Շաղոյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Նաիր Թիկնիզյանը և Էրիկ Փիլոյանը մասնակցեցին ընտրական բոլոր 6 հանդիպումներին: Ընդ որում Մուրադյանն ու Սպերցյանը խաղացին առանց փոխարինման:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

fastnews-ads-banner