Հուլիսի 8-ին Անդրեն տոնում է 46-ամյակը։ Ստեփանակերտում ծնված տղայի մոտ երաժշտական ունակությունները նկատվել են փոքր տարիքից։ Ծննդյան կապակցությամբ «Fast News Culture»-ն առանձնացրել է երգչի կյանքի հետաքրքիր դրվագները։
Երգել է՝ խոսել չիմանալով
Անդրեն բազմիցս նշել է, որ երգել սկսել է նախքան խոսելը։ Վաղ տարիքում ընտանիքը նկատել է, որ երեխան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում երաժշտության հանդեպ։ Նա հստակ մեղեդիներ է փորձել ձայնավորել՝ բառերի փոխարեն հնչյուններով։ Սկսել է երգել 3 տարեկանից, երբ բեմն աթոռն էր, բարձրախոսը՝ ջերմաչափը, իսկ հանդիսատեսը՝ ընտանիքի անդամները։ Դա դարձել էր ընտանեկան ավանդույթ․ յուրաքանչյուր հյուրի այցելության ժամանակ՝ Անդրեն ներկայանում էր «համերգով»։ Երաժշտական ունակությունները զարգրել է ինքնուրույն։ Մանկության տարիներին նվագում տան հին դաշնամուրը՝ առանց ուսուցչի։ Ինքնուրույն գտել է մեղեդիներ, ինչն էլ զարգացրել է լսողությունը։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 5 տարեկանում՝ Ստեփանակերտում, մանկապարտեզի միջոցառմանը։ Կատարել է հայրենասիրական երգ։ Հանդիսատեսի արձագանքն այնքան ջերմ է եղել, որ որոշել է՝ «ես երգիչ եմ լինելու»։ Չնայած вրան՝ նրա ծնողներն ուզում էին, որ իրենց տղան բժիշկ դառնա։
Արցախի պատերազմն ու հետևանքները
Անդրեի մանկությունը համընկել է Արցախի պատերազմի տարիներին (1988–1994)։ Միշտ հոսանքազրկված քաղաքում նա երաժշտություն էր լսում՝ հին մագնիտոֆոնով կամ հոր բերած ձայներիզներով։ Զուգահեռ՝ սովորում էր երաժշտական դպրոցում, սակայն հաճախ դասերը ընդհատվում էին ռմբակոծությունների պատճառով։ Երբեմն ստիպված էին լինում երգել մոմի լույսի ներքո։ «Բան չկար՝ ոչ լույս, ոչ ջուր, բայց երգում էինք։ Ես դեռ չեմ հասկանում՝ ոնց էի այդ ամենը հաղթահարում», - հարցազրույցներում նշել է երգիչը։
Պատերազմից հետո՝ 1994-1995 թվականներին, Անդրեի ընտանիքը տեղափոխվում է Երևան։ Տեղափոխությունը պայմանավորված էր հիմնականում պատերազմի հետևանքով առաջացած դժվարություններով։ Երևանում սկզբում ընտանիքը բախվել է տնտեսական դժվարությունների՝ ապրելով համեստ պայմաններում։ Սակայն մայրաքաղաքը մեծ հնարավորություն էր Անդրեի համար՝ կրթություն, մեծ բեմեր և սիրելի հանդիսատես։
Ստեփանակերտից բերած անկեղծությունը Երևանում սովորեց՝ ինչպես ցուցադրել բեմում
1998-2000 թվականներին սովորեց Երգի Պետական Թատրոնում, նաև՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ «Երևանն ինձ նոր շունչ տվեց։ Ստեփանակերտից բերում էի իմ անկեղծությունը, իսկ այստեղ սովորեցի՝ ինչպես դա ցույց տալ բեմում», - խոստովանել է երգիչը։ Երևանում ուսանելու տարիներին Անդրեն մասնակցեց մի շարք միջազգային մրցույթների՝
«Golden Skif» (Դոնեցկ, 2001) - 2-րդ տեղ,
«Golden Shlyager» (Մոգիլյով, 2001) - 3-րդ տեղ,
«Voice of Asia» (Ալմաթի, 2002) - հինգ մրցանակ,
«FestOS» (Մոսկվա, 2003) - «Ոսկե դիպլոմ»,
«World Championships of Performing Arts» (Հոլիվուդ, 2004) - 3 ոսկի, 1 արծաթ։
«Հորովելից» մինչև «Իմ սերը քեզ»
2004-ին Լուսինե Մարտիրոսյանը Արցախում նկարահանեց «Հորովել» երգի տեսահոլովակը։ «World Championships of Performing Arts»-ում այն ճանաչվեց լավագույն տեսահոլովակ։
Նույն տարում «Կռունկ» երգի համահայկական փառատոնում Անդրեն ճանաչվեց «Տարվա լավագույն երգիչ»։
Վան ռադիոկայանի «Ոսկե Քնար» փոփ երգի մրցույթում Անդրեի «Իմ սերը քեզը» դարձավ «Տարվա լավագույն երգ»։ Այն 17 շաբաթ զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Անդրեն համերգներով շրջագայեց Իրանում, Լիբանանում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Կիպրոսում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Ղասախստանում, Վրաստանում և Եվրոպայի և Ռուսաստանի քաղաքներում։
«Մըր էրգիր»՝ Հայոց Ցեղասպանության 90-ամյակին
«Սեր ես ու մի կյանք» երգը 14 շաբաթ շարունակ հիթ-շքերթների առաջին հորիզանականում էր։ Գլենդելի Ալեքս համերգասրահում Անդրեն ունեցավ 3 մենահամերգ։ Այնուհետև թողարկեց «Իմ սերը քեզ» երգի անգլերեն «My Love to You» տարբերակը։ Նկարահանեց «Մըր էրգիր» երգի տեսահոլովակը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 90-ամյակին։ Նա ունեցավ մենահամերգներ Երևանի Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Թողարկեց երկրորդ՝ «Միայն Սեր» ձայնասկավառակը։ Ստացավ «Լավագույն երգիչ» և «Լավագույն երգ» մրցանակները Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում։
«Եվրոտեսիլ 2006»՝ «Without Your Love»
Անդրեն առաջինը ներկայացրեց Հայաստանը «Եվրատեսիլում»։ Աթենքում նա ներկայացավ «Without Your Love» երգով և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ ««Եվրոտեսիլին» մասնակցելն ինձ համար մեծ փորձ էր։ Մրցույթը հնարավորություն տվեց ցույց տալու իմ տաղանդը միջազգային լսարանին։ Շատ կարևոր է ներկայացնել հայկական մշակույթը և երաժշտությունը՝ պահպանելով ինքնությունդ։ Չէի երգում միայն իմ անունից, երգում էի Հայաստանի անունից։ Սա այլ պատասխանատվություն էր», - ընդգծել է երգիչը։ Երգը մեծ հաջողություն ունեցավ։ Նույնիսկ մրցույթից հետո այն ընդգրկվում էր ԱՄՆ-ի և Հայաստանի հիթ-շքերթների առաջատար հորիզոնականներում։ Դրանից հետո արտիստը թողարկեց «1000 անգամ» ձայնասկավառակը, ունեցավ համերգներ Հայաստանում, ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում և Ռուսաստանում։ Նոր ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ համանուն մենահամերգին՝ 20.000 հանդիսատեսով։ Մոսկվայում Անդրեն արժանացավ «Տարվա անձնավորություն» մրցանակին։ Ստացավ նաև «Ավանս» մրցանակ «Տաշիր 2006» մրցանակաբաշխությանը։ 2006-ի Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում Անդրեն ստացավ հատուկ մրցանակ՝ Հայաստանը «Եվրատեսիլում» հաջողությամբ ներկայացնելու համար։ Անդրեն ճանաչվեց «Լավագույն երգիչ» «Kodak Theatre» համերգասրահում տեղի ունեցող «M Club» երաժշտական մրցանակաբաշխությանը։ Իսկ «Without Your Love» երգի տեսահոլովակը տարվա լավագույն տեսահոլովակների տասնյակում էր։ Անդրեն նկարահանեց «Հորդ անձրև» երգի տեսահոլովակը՝ նվիրված Վարդուհի Վարդանյանի հիշատակին։
Հետեվրատեսիլյան անցուդարձ
Եվրատեսիլից հետո Անդրեի կարիերան նոր թափով զարգացավ։ Հրավերներ տարբեր երկրների մշակութային և երաժշտական միջոցառումներին մասնակցելու հրավերներ ստացավ։ Թողարկեց նոր երգեր և տեսահոլովակներ։ 2009-ին Անդրեն ունեցավ իր առաջին մենահամերգը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «Իմ կյանքի 27-րդ առավոտը» խորագրով։ 2011-ին թողարկել է «My Soul» ալբոմը։ 2013-ին համերգ է ունեցել Թուրքիայում՝ Սիբիլի հետ։ 2014-ին նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում։ Ներկայումս նա «Հայ սուպերսթար» նախագծի ժյուրիի անդամ է և երաժշտական պրոդյուսեր։