Սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը վերադարձել է Երևանի «Փյունիկ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Միլկովիչը Սերբիայի ամենատիտղոսակիր թիմերից մեկի՝ Բելգրադի «Պարտիզանի» սան է, թիմի կազմում չորս անգամ (2008/09, 2010/11, 2011/12 և 2012/13 մրցաշրջաններում) դարձել է երկրի չեմպիոն և կրկնակի (2008/09 և 2010/11 մրցաշրջաններ) գավաթակիր։
«Պարտիզանի» կազմում Միլկովիչը հանդես է եկել Չեմպիոնների լիգայի 2010/11, Եվրոպա լիգայի 2012/13 և Կոնֆերենցիաների լիգայի 2021/22 մրցաշրջանների խմբային փուլերում։
35-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել է նաև սերբական «Տելեօպտիկում», «Մետալացում», պորտուգալական «Բրագայում», խորվաթական «Սպլիտում», ռուսական «Ամկարում» և լեհական «Մեձ Լեգնիցայում»:
2019-20թթ․ փորձառու պաշտպանը ելույթ է ունեցել Երևանի «Ալաշկերտում», անցկացրել 14 խաղ:
2022 թվականի օգոստոսին Միլկովիչը տեղափոխվել է «Փյունիկ» և Հայաստանի ամենատիտղոսակիր թիմի կազմում հանդես եկել Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 մրցաշրջանի խմբային փուլում։
Միլկովիչի նախորդ թիմը՝ Երևանի «Նոան» է, որի կազմում նա խաղացել է նախորդ երկու մրցաշրջաններում։ 2024/25 մրցաշրջանում սերբը «Նոայի» հետ դարձել է Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր, նաև հանդես է եկել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում: