Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան և Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնապես պայմանավորվել են ազգային հավաքականների միջև կայանալիք Ֆինալիսիման 2026 թվականի մարտի վերջին անցկացնելու վերաբերյալ, հայտնում է AS-ը:
Ֆինալիսիման, որին մասնակցում են Եվրոպայի գործող չեմպիոնն ու Ամերիկայի գործող գավաթակիրը, ավելի կոնկրետ կանցկացվի մարտի 26-31-ը: Հստակ ժամանակացույցը կհաստատվի շուտով:
Ամսաթիվը որոշվելուց հետո մնում է որոշել, թե որ մարզադաշտում կանցկացվի խաղը։ Լոնդոնը կրկին առաջարկել է հյուրընկալել հանդիպումը, սակայն շատ գրավիչ առաջարկներ կան և՛ Կատարից, և՛ Սաուդյան Արաբիայից:
Ֆինալիսիման առաջին ու դեռևս վերջին անգամ անցկացվել է 2022 թվականին: Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում Արգենտինայի հավաքականը 3 անպատասխան գնդակ է ուղարկել Իտալիայի ազգային թիմի դարպասը: