Logo

Բացօթյա՞, թե՞ բացօդյա [բացատրություն]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 22.08.2018ՄՇԱԿՈՒՅԹ
arm keyboard logo - Բացօթյա՞, թե՞ բացօդյա [բացատրություն]

Ռուբեն Ղազարյանի «Գրաբարի բառարանում» կարդում ենք. « Բացօթեայ – բաց տեղ, բաց երկնքի տակ գիշերող, դուրսը, դրսում մնացած»: Իսկ բացօդյա բառը այդ բառարանում չկա, որից կարելի է ենթադրել, թե գրաբարում չկար բացօդյա ձևը:

Հրաչյա Աճառյանի «Արմատականում» կարդում ենք, որ բացօթեայ բառի արմատն է օթ , այսինքնՙ «գիշերը մի տեղ անցկացնելը, գիշերելը, օթևանելը»: Այնուհետեւ շարունակում է. «Կա եւ սխալ գրչությամբՙ բացօդեայ , իբր թե օդ բառից, որ և այժմ բավական ընդհանրացել է տգետների մոտ»: Այսինքնՙ Աճառյանը մերժում է բացօդյա բառը:

Ստեփանոս Մալխասյանցը 1944 թվականին լույս տեսած իր «Հայերեն բացատրական բառարանում» ընդգրկել է երկու բառն էլ, գրելով. « Բացօդեայ -( արմատն է օդ ) բաց օդում, բաց երկնքի տակ: Բացօդեայ ճաշ, պարապմունք»:
« Բացօթեայ – (արմատն է օթ), բաց տեղ, բաց երկնքի տակ գիշերող»: Այսինքնՙ գիշերելու, օթևանելու դեպքում արդեն պետք է կիրառվի բացօթեայ բառը (ըստ Ստ. Մալխասյանցի):

1976 թվականին լույս տեսած «Արդի հայերենի բացատրական բառարանում» Էդուարդ Աղայանը գրում է. « Բացօդյա – 1. բաց օդում, շենքերից դուրս: 2. Տե՛ս Բացօթյա »: Իսկ բացօթյա բառը բացատրում է այսպես. «բաց օդում, բաց երկնքի տակ»:

Ի՞նչ կարելի է եզրակացնել:

Բացօդյա բառը սկզբում հայերենի բառապաշարում չի եղել: Հետո մուտք է գործել բառապաշար, բայց որոշակի իմաստով: Եթե խոսքը վերաբերում է բաց երկնքի տակ գիշերելուն, օթևանելուն, ապա գործածվում է բացօթյա բառը, իսկ բաց օդում, բաց տեղում, բաց երկնքի տակ պառկելու, խաղալու, հավաքվելու, խնջույք անելու դեպքում գործածվում է բացօդյա բառը:

 

Կարդացեք նաև՝

Մեղանչել = մեղք գործե՞լ, թե՞ զղջալ [բացատրություն]

Բանը կայանում է նրանում. բանն այն է… որ այսպես ասելը սխալ է

Հուսով — հուՅսով. որը որտեղ ու երբ կիրառել

Հրատարակել — հրապարակել. որը ո՞րտեղ ու ե՞րբ օգտագործել

Հանձին — հանձինս. որը ինչպե՞ս ու որտե՞ղ գործածել

Անձիք – ԱնձիՆք. ո՞րն է ճիշտը

Վերաբերել – վերաբերՎել. ո՞րը որ դեպքում է ճիշտ կիրառել


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ