Բունդեսլիգայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու գերմանացի դարպասապահ Սվեն Ուլրայխը ևս 1 տարով երկարաձգել են պայմանագրի ժամկետը, որը նախատեսված էր մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ուլրայխը մյունխենյան գրանդի գույները պաշտպանում է 2015 թվականից:
«Ուրախ եմ մնալ «Բավարիայում»: Թիմի ու հատկապես Մանուել Նոյերի հետ երկար տարիների համագործակցությունը դարձել է ինչ-որ յուրահատուկ բան: Ինձ շատ է դուր գալիս աշխատանքս: Նպատակս թիմի հետ որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճելն է»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Սվեն Ուլրայխը «Բավարիայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում, որոնցից 5-ում անառիկ է պահել դարպասը: