Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի` Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդա» սպասվող տրանսֆերին, հաղորդում է Матч ТВ-ն:
«Նաիրը հավակնոտ տղա է, նա ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ունենալ։ «Լոկոմոտիվում» դա պակասում էր։ Հավանաբար, Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես ցատկահարթակ` եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելու համար։ Սերբիայի ակումբն ավելի մոտ է Եվրոպային, միջազգային խաղեր է անցկացնում։ Ամեն ինչ Թիկնիզյանի ձեռքերում է»,- ասել է Հայաստանի հավաքականի լեգենդար նախկին դարպասապահը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի ազգային հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը հունիսի 20-ին կմեկնի Բելգրադ և բուժզննում կանցնի՝ նոր ակումբ տեղափոխության համար: