Բոլոր պատմությունների հիմքում և «գործող անձինք» գեղանկարներն են:
ՄԱՍ 3
...Սավեյջների ընտանիքին Յորքում հիմա շատ քչերն են հիշում: 15 տարի առաջ, երբ մեռավ Ռոբերտ Սավեյջը՝ նկարների շրջանակների հանրահայտ վարպետը և կերպարվեստի մեծ սիրահարը, կինը՝ Եվան, տեղափոխվեց Նորթհեմփթոն:
Նրանց մասին բոլորովին կմոռանային, եթե մեծ աղմուկ չբարձրանար Ռուբենսի նկարի պատճառով, որի հայտնաբերումից հետո Սավեյջների և Կալտերի անունները սկսեցին ավելի ու ավելի հաճախ հոլովվել:
Բանն այն է, որ շատ տարիներ առաջ Ռոբերտ Սավեյջը և Կալտերը, որն այն ժամանակ ոչ թե պատկերասրահի տնօրենն էր, այլ նույնպես շրջանակներ պատրաստող վարպետ, մտերիմ ընկերներ էին, երկուսն էլ՝ կերպարվեստի ջերմ երկրպագուներ:
Ֆիլատելիստների նման նրանք հաճախ էին փոխանակում այս կամ այն նկարը, շրջանակը։ Սավեյջի տունն արդեն լի էր բազմաթիվ նկարներով, իսկ նա շարունակ նորերն էր ձեռք բերում։ Ասում են՝ կինը՝ Եվան, որին բավականին հոգնեցրել էր նկարների նկատմամբ տարվող ամենօրյա խնամքը, մի օր ամուսնուն կտրականապես արգելեց նոր «աղբ» տուն բերել։
Սավեյջն արտաքուստ ցույց տվեց, թե համաձայն է կնոջ հետ, բայց միշտ մտորում էր այն մասին, թե ինչպես Կալտերից վերցնի անհայտ հեղինակի այն հոյակապ նկարը, որն իրեն այնքան դուր էր եկել։
Առիթը ծագեց ինքն իրեն։ Պարզվեց, որ Կալտերն էլ վաղուց աչք ունի նրա պատրաստած մի քանի հոյակապ շրջանակների վրա և պատրաստ է դրանց դիմաց տալ այն ամենը, ինչ կցանկանա Սավեյջը։ Ռոբերտն առանց երկմտելու ներկայացրեց իր պահանջը՝ անհայտ հեղինակի նկարը։
Առևտուրը կատարվեց նույն օրը։ Բայց Ռոբերտն սպասեց մութն ընկնելուն, որ կինը քնի, նոր նկարը տուն տանի։
Սավեյջը նկարը պահում էր ձեղնահարկում։ Երբեմն-երբեմն բարձրանում էր վեր ու հիանում իր սքանչելի գյուտով։
Եվան ամուսնու խորամանկության մասին իմացավ միայն նրա մահից հետո, երբ Նորթհեմփթոն տեղափոխվելուց առաջ կապկպում էր տան իրերը։ Ո՞վ գիտե, Եվան ամուսնու տարօրինակությունների մասին ինչպիսի խանդաղատանքով մտածեց, երբ ձեղնահարկում տեսավ թաքցրած նկարը։ Համենայն դեպս, Ռոբերտի հիշատակը սուրբ էր, և այս նկարը ևս բազմաթիվ ուրիշների հետ տեղափոխեց նոր բնակավայրը։
Անցան տարիներ, և եթե 82-ամյա Եվա Սավեյջին կարիքը չստիպեր դիմել Christie's աճուրդային ֆիրմային, նկարի մասին աշխարհն այդպես էլ չէր իմանա։ Ֆիրմայի ներկայացուցիչները եղան այրու մոտ, ընտրեցին մի քանի նկար, որոնց թվում՝ Սավեյջի վերջին ձեռք բերածը։ Թվում է՝ նկարի հայտնագործման ճանապարհին առաջին քայլերն արդեն արված էին։ Բայց դա կույր քայլ էր։ Մնում էր ամենակարևորը՝ ճանաչել մեծ նկարչի ստեղծագործությունը։ Ու հենց այստեղ էլ ֆիրմայի կերպարվեստի էքսպերտները ավելի մեծ սխալ թույլ տվեցին, քան նկարի նախկին տերը՝ Կալտերը։ Հանճարեղ նկարչի կտավը նրանք ընդունեցին իբրև 17-րդ դարի կրկնօրինակող Լանկրինկի ստեղծագործություն, և այդ անվան տակ էլ այն մտավ աճուրդի հանվող նկարների ցանկը։
Շարունակելի...
Աղբյուրը՝ Նարեկ Մեսրոպյանի «Գեղանկարներ և ճակատագրեր» գրքից