Հունիսի 14-ին Գյումրիի «Քաղաքային» ստադիոնում կայացած «Գյումրիի գավաթ 2025» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարում Հայաստանի թիմը զբաղեցրել է երրորդ տեղը։
Մրցաշարի հաղթող է դարձել Մոլդովայի թիմը, որն առավելության է հասել բոլոր մրցակիցների դեմ խաղերում և վաստակել է 18 միավոր։ 13 միավորով երկրորդը տեղը զբաղեցրել են ղազախները, իսկ Հայաստանի թիմը հավաքել է 12 միավոր։ Հաղթող թիմերը ստացել են գավաթներ ու մեդալներ։
Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Սերգեյ Ուրսուլը (Մոլդովա), 13 գոլով գլխավոր ռմբարկու է դարձել Ղազախստանի թիմից Սերգեյ Նադտոչեյը։
Լավագույն դարպասապահ է ճանաչվել Հայաստանի թիմից Խորեն Մանուկյանը։
«Սպորտ մեդիա» մարզական լրագրողների հայկական ասոցիացիայի հատուկ մրցանակին արժանացել է Հունգարիայի թիմը, իսկ YoHealth հավելվածը մրցանակ է հանձնել մրցաշարի ամենատարեց մասնակցին՝ ռումինացի Ռոմեո Չիրիակիին։ Գյումրիի «ՄԵՆՔ» նախաձեռնությունն էլ հուշանվերներ է հանձնել բոլոր ավագներին։
Մրցաշարի կազմակերպիչները «Սպորտ մեդիա» մարզական լրագրողների հայկական ասոցիացիան և Գյումրիի «ՄԵՆՔ» նախաձեռնությունն էին, գլխավոր հովանավորը՝ YoHealth հավելվածը։ Միջոցառման անցկացմանը համակողմանի աջակցել են «Շիրակ» ու «Նոա» ֆուտբոլային ակումբները և TMGMediaSchool-ը։
Այս տարի մրցաշարին մասնակցել են Վրաստանի, Ռումինիայի, Մոլդովայի, Հունգարիայի, Ղազախստանի Հայաստանի, ինչպես նաև Գյումրիի լրագրողների թիմերը։
Շարունակվող ռազմական գործողությունների պատճառով Իսրայելի թիմը չի կարողացել ժամանել մրցավայր։