Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը Թուրքիայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում կրկնակի ոսկե մեդալակիր դառնալուց հետո խոսել է ստացած տպավորությունների մասին:
«Շատ լավ զգացողություններ ունեմ, շատ հպարտ եմ ու շատ ուրախ, որ կարողացա Թուրքիայում հնչեցնել հայոց հիմնը, և կարողացանք ես ու իմ ընկերը մեր դրոշը բարձրացնել:
Մյուս ընկերոջս համար նույնպես շատ ուրախ եմ: Ցավոք սրտի, Էրիկին փոքր-ինչ պակասեց մեդալակիր դառնալու համար: Այս աշխարհի առաջնությունից հետո պետք է ավելի բարդ վարժություններ կատարենք գործիքների վրա, պետք է ավելի շատ աշխատեմ պտտաձողի վրա, քանի որ այս առաջնությունը ցույց տվեց, որ համեմատաբար թույլ ելույթ ունեցա այդ գործիքի վրա»,- 15-ամյա մարզիկի խոսքը մեջբերում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Համլետն առաջին տեղն էր զբաղեցրել օղակների վարժությունում (13.633) և նժույգ թափերում (14.633 միավոր):
Մրցանակային տեղ էր զբաղեցրել նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը (14.100 միավոր), որը նժույգ թափերում նվաճել էր արծաթե մեդալ:
Երիտասարդական ԱԱ. Համլետ Մանուկյանի և Մամիկոն Խաչատրյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)