Ապրիլի 29-ին կկայանա Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը:
FastNews-ը ներկայացնում է գավաթի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների անոնսը։
«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»
Ապրիլի 29, ժամը՝ 18:30, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
2 խաղ, որոնցում հաղթել է «Արարատ-Արմենիան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-0
1/2 եզր. 1-ին խաղ 15.04.2025 «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 0-2 (0-0)
Գոլերը՝ 0-1՝ Էրիկ Օկանսի 51՛, 0-2՝ Մարիուս Նուբիսի 80՛, 11մ:
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.Երկու թիմերն էլ բարձր տրամադրությամբ են մոտենում հանդիպմանը: Նախորդ տուրում «Արարատ-Արմենիան» «Գանձասարի» դարպասը 4 անպատասխան գնդակ ուղարկեց: «Փյունիկն» էլ Սերժ Դեբլեի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Վեստ Արմենիային»:
2. Գավաթի կիսաեզրափակիչն ընթացիկ մրցաշրջանում մրցակիցների միջև կայանալիք արդեն 6-րդ հանդիպումն է: Դրանցից վերջինը տեղի է ունեցել ապրիլի 15-ին: Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Փյունիկին» և պատասխան մրցավեճից առաջ եզրափակչի ուղեգիր նվաճելու լավ հնարավորություններ է պահպանում:
Գավաթային մրցավեճից 6 օր առաջ էլ Սուպերգավաթի մրցախաղում «Արարատ-Արմենիան» 4 անպատասխան գնդակ էր ուղարկել «Փյունիկի» դարպասը ու դարձել էր կրկնակի սուպերգավաթակիր: Այդ հանդիպմանը նախորդած առաջնության երկու խաղերում էլ հաջողությունը կրկին ուղեկցել էր գործող գավաթակրին՝ 2-1, 3-2: Իսկ ահա մրցակիցների առաջին խաղում 3-1 հաշվով հաղթել էր «Փյունիկը»:
3. Չեմպիոնի լիազորությունները վայր դնելուց հետո «Փյունիկի» երկրպագուների համար միակ սփոփանքը կլինի գավաթի նվաճումը, ինչը ևս բավական դժվար իրագործելի խնդիր է: Դրա համար փյունիկցիները նախ պետք է հաղթահարեն կիսաեզրափակչի արգելքը՝ ռևանշի հասնելով «Արարատ-Արմենիայից» առաջին խաղում 0-2 հաշվով կրած պարտության դիմաց: Հաշվի առնելով մրցող թիմերի ներկայիս մարզավիճակն ու մրցակիցների միջև կայացած հանդիպումների վիճակագրությունը, եզրափակիչ մտնելու «Փյունիկի» հնարավորությունները մեծ չեն:
4. Երկու թիմերն էլ գավաթի համար պայքարը սկսել են քառորդ եզրափակչից: «Արարատ-Արմենիան» հանձինս «Ուրարտուի» բավական լուրջ դիմադրության հանդիպեց, սակայն երկու խաղերում էլ հաղթեց: Առաջին խաղում հյուրընկալվելիս գործող գավաթակրին հաղթանակ պարգևեց Տենտոն Յենեի խփած միակ գոլը:
Պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց 2-1 հաշվով: Հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց Ալվին Թերան: Իսկ հաշիվը բացել էր «Ուրարտուի» պաշտպան Դմիտրի Տիխին, սակայն Ալեքսանդր Պուսկոյի ինքնագոլի շնորհիվ «Արարատ-Արմենիան» վերականգնել էր հավասարակշռությունը:
5. «Փյունիկի» մրցակիցն Առաջին խմբում հանդես եկող «Լեռնային Արցախն» էր, որին փյունիկցիները երկու խաղերում էլ հաղթեցին խոշոր հաշվով՝ 7-2, 5-2: Ընդ որում այդ խաղերում «Փյունիկը» խաղադաշտ էր դուրս եկել ոչ լրիվ հիմնական կազմով: Արդյունավետությամբ աչքի ընկավ Թեմուր Ջիկիան՝ երկու խաղերում ընդհանուր առմամբ խփելով 5 գոլ և գլխավորելով գավաթի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուների ցանկը:
6. Մինչև գավաթի ընթացիկ խաղարկությունը, մրցակիցների գավաթային միակ հանդիպումը կայացել էր անցյալ տարվա ապրիլի 8-ին: «Ջունիոր սպորտ» մարզադաշտում կայացած կիսաեզրափակիչ այդ խաղի ելքը վճռել էր Արթուր Սերոբյանի խփած միակ գոլը:
7. «Արարատ-Արմենիան» 5-րդ անգամ է վիճարկելու գավաթի եզրափակչի ուղեգիրը: Հայաստանի կրկնակի չեմպիոնն առայժմ 2 անգամ է հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը: Թիմին առաջին անգամ դա հաջողվել է գավաթի 2019/20թթ. խաղարկությունում, որում «Արարատ-Արմենիան» երկու խաղերում էլ հաղթել է «Գանձասար-Կապանին»՝ 1-0, 2-0: Իսկ եզրափակչում «Արարատ-Արմենիան» գերարդյունավետ խաղում (5-5) հետխաղյա 11մ հարվածաշարում պարտվել էր «Նոային»:
Գավաթը նվաճելու «Արարատ-Արմենիայի» 2-րդ փորձը հաջողությամբ էր ավարտվել: Նախորդ խաղարկության կիսաեզրափակչում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը պայքարից դուրս էր մղել «Փյունիկին» (1-0), իսկ 2024թ. մայիսի 12-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած վճռորոշ խաղում հետխաղյա 11մ հարվածաշարում 5-3 հաշվով հաղթել էր «Ուրարտուին»: 31-րդ րոպեին Միքայել Միրզոյանը հաշվի մեջ առաջ էր մղել «Ուրարտուին»: 7 րոպե անց «Արարատ-Արմենիան» Արման Ղազարյանի ինքնագոլի շնորհիվ վերականգնել էր հավասարակշռությունը:
8. «Փյունիկը» 21-րդ անգամ է հանդես գալիս գավաթի կիսաեզրափակչում: 12 անգամ փյունիկցիներին հաջողվել է եզրափակչի ուղեգիր նվաճել: Գավաթի եզրափակչում վերջին անգամ «Փյունիկը» խաղացել է 2017թ.՝ 0-3 հաշվով պարտվելով «Շիրակին»: Իսկ վերջին անգամ Հայաստանի բազմակի չեմպիոնը գավաթակիր է դարձել 2014/15թթ. խաղարկությունում՝ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ եզրափակչում 3-1 հաշվով հաղթելով «Միկային»:
Հանդիպմանը չի մասնակցի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում խաղադաշտից հեռացված փյունիկցի Սանի Բուհարին:
«Վան» - «Նոա»
Ապրիլի 30, ժամը՝ 15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
2 խաղ, որոնցում հաղթել է «Նոան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-3
1/2 եզր. 1-ին խաղ 16.04.2025 «Նոա» - «Վան»՝ 2-0 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Մաթեուս Այաս 36՛, 2-0՝ Իմրան Օմար 89՛:
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.«Նոան» և «Վանը» 5 օրում Չարենցավանում երկու վճռորոշ խաղ են անցկացնելու: Գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումից հետո մրցակիցներն ապրիլի 4-ին մրցելու են առաջնության 29-րդ տուրում: Այդ խաղում հաղթելու դեպքում «Նոան» ժամկետից շուտ կնվաճի չեմպիոնի տիտղոսը:
Նախորդ տուրում Ռուի Մոտայի գլխավորած թիմը հերթական՝ 19-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Արարատի» դարպասը: Իսկ ահա «Վանը» ԲԿՄԱ-ի հետ արտագնա խաղում երկու թանկարժեք միավոր կորցրեց (1-1):
2. Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում սեփական դաշտում 2-0 հաշվով տարած հաղթանակից հետո «Նոան» եզրափակչի ուղեգիր նվաճելու լավ հնարավորություն ունի, թեև Չարենցավանում «Վանն» իր բոլոր ուժերը ներդնելու է ռևանշի հասնելու և առաջին անգամ եզրափակիչ դուրս գալու համար:
3. «Վանը» գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսել է նախնական փուլից՝ 3 անպատասխան գնդակ խփելով «Անդրանիկի» դարպասը: Գոլերի հեղինակներ են դարձել Էմանուել Ջոնը, Օլավալե Ֆառայոլան և Մամադու Դիալոն:
1/8 եզրափակչում էլ Վահե Գևորգյանի գլխավորած թիմը նույնպիսի հաշվով պարտության է մատնել «Շիրակին»: Մոմո Տուրեն դարձել է դուբլի հեղինակ, մեկ գոլ էլ խփել է Իզուչուկվու Օկոնկվոն:
Քառորդ եզրափակչում էլ չարենցավանյան ակումբը հավատարիմ մնաց ավանդույթին՝ երկու խաղերում էլ 3-ական գնդակ խփելով «Վեստ Արմենիայի» դարպասը՝ 3-0, 3-2: Դուբլի հեղինակ է դարձել Կարեն Նալբանդյանը, մեկական գոլ են խփել Մոմո Տուրեն, Իզուչուկվու Օկոնկվոն, Լևոն Վարդանյանն ու Մալիկ Օդեյինկան:
4. «Նոան» փետրվարի 19-ին «Ալաշկերտի» հետ մրցավեճով է մեկնարկել գավաթի ընթացիկ խաղարկությունում: Գոնսալու Գրեգորիուի և Գոռ Մանվելյանի խփած գոլերի շնորհիվ Ռուի Մոտայի գլխավորած թիմը քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել: Այդ փուլում «Գանձասարի» հետ երկխաղյա դիմակայությունում առաջնության առաջատարը կրկին խնդիրներ չունեցավ՝ հաղթելով 3-0 և 4-0 խոշոր հաշիվներով: Առավել արդյունավետ գործեցին Մաթեուս Այասն ու Բրունո Ալմեյդան՝ դառնալով 2-ական գոլի հեղինակ:
5. Մինչև պատվավոր մրցանակի ընթացիկ խաղարկությունը, մրցակիցների միջև գավաթային միակ հանդիպումը կայացել էր 2019/20թթ. խաղարկությունում: 2019թ. նոյեմբերի 27-ին Չարենցավանում կայացած քառորդ եզրափակչի խաղում «Նոային» հաղթանակ էր պարգևել Բենիկ Հովհաննիսյանի խփած միակ գոլը:
6. «Վանը» 2-րդ անգամ է գավաթի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել, ինչը թիմի համար լավագույն արդյունքն է գավաթի մրցաշարերում: Այդ փուլի արգելքը հաղթահարելու չարենցավանյան թիմի առաջին փորձն անհաջողությամբ է ավարտվել: 2021/22թթ. խաղարկության կիսաեզրափակչում «Վանը» 0-3 հաշվով պարտվել է «Ուրարտուին»:
7. «Նոան» 3-րդ անգամ է խաղալու գավաթի կիսաեզրափակչում, որի արգելքը առայժմ մեկ անգամ է հաղթահարել: Դա տեղի է ունեցել գավաթի 2019/20թթ. խաղարկությունում: Կիսաեզրափակչում առավելության հասնելով «Ուրարտուի» նկատմամբ (1-0, 2-1), «Նոան» գերարդյունավետ եզրափակչում (5-5) Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ հետխաղյա 11մ հարվածաշարում 7-6 հաշվով հաղթել էր «Արարատ-Արմենիային» և ակումբի պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր Հայաստանի գավաթը:
Իսկ գավաթի հաջորդ խաղարկությունում «Նոան» կիսաեզրափակչում զիջել էր «Ալաշկերտին»՝ 1-1, 1-3:
8. Ընթացիկ առաջնությունում մրցակիցների միջև Չարենցավանում կայացած խաղում գրանցվել է ոչ-ոքի (1-1), իսկ Աբովյանում «Նոան» 5 անպատասխան գնդակ է խփել մրցակցի դարպասը:
«Վանից» հանդիպմանը չի մասնակցի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում խաղադաշտից հեռացված Արսեն Բեգլարյանը: «Նոայից» կբացակայի գավաթի մրցաշարում 2-րդ զգուշացումը ստացած Հովհաննես Համբարձումյանը: