
Շարունակում ենք պատմել, թե ինչ հայկական ֆիլմեր են ստեղծվում մեր երկրում, որտեղ են դրանք հաջողում և ինչպես են մտածում և զգում այդ՝ ժամանակակից հայկական ֆիլմերի ստեղծողները, հիմնականում՝ երիտասարդ կինոգործիչները։ Այս անգամ զրուցել ենք «Նոր տարվա գոճի» երգիծական կարճամետրաժի ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի հետ, ում ֆիլմն անցած տարի ցուցադրվեց ֆրանսիական հեղինակավոր Կլեղմոն-Ֆերանի կարճամետրաժների փառատոնի մրցութային ծրագրում։
– «Նոր տարվա գոճի»-ն հայտնվեց Կլեղմոն-Ֆերանի հեղինակավոր կինոփառատոնում, քո առաջին (եթե չեմ սխալվում), համալսարանական տարիներից դուրս ստեղծված ֆիլմն է, կպատմե՞ս, թե ինչ է տալիս հայաստանաբնակ երիտասարդ ռեժիսորին նման փառատոնում ընդգրկվելը։
– Չհաշված բուն փաստը, որ մեր ֆիլմը մասնակցում էր Կլեղմոնում, շատ ուրիշ փառատոներ ընտրեցին «Նոր տարվա գոճի»-ն միայն ելնելով այնտեղից, որ ֆիլմը սկսել էր իր փառատոնային կյանքը հենց Կլեղմոնում։ Բացի այդ, նմանատիպ հայտնի փառատոները ճանապարհ են բացում միջազգային համագործակցության ուղիների և ապագա նախագծերի իրականացման համար։ Կարծում եմ, որ կարճամետրաժ ֆիլմերի փառատոներից ավել բան սպասել չարժի էլ, «կանխավճար»-ի պես բան է, որպեսզի հետագայում հեղինակին վստահեն ավելի մեծ նախագծեր։
– Ֆիլմի առանցքային պատմությունն ինքն իրեն սոցիալ-քաղաքական երգիծանք է. Հայաստանում, կարծես, այդ ժանրի համար ստեղծված հողը բավականաչափ կա, բայց ֆիլմերը քիչ են, ինչո՞ւ։
– Եթե համեմատենք, ապա Հայաստանում առանց այդ էլ ֆիլմեր քիչ են նկարահանում։ Եվ հիմնականում ստեղծվում են ֆիլմեր, որոնք միտված են գոնե վերադարձնել իրենց վրա ծախսված գումարները կամ լավ կլիներ՝ դրանից էլ շատ։ Համաձայն եմ, որ այդ ժանրն ավելի լավ է բնորոշում մեր իրականությունը, որտեղ որ մենք գտնվում ենք։ Մեր կյանքում շատ է ողբերգականն ու հումորը, և եթե դրանք ճիշտ միախառնես, ապա կստեղծվի շատ ուժեղ զգացողություն, որը կմնա հանդիսատեսի մոտ ֆիլմի դիտումից հետո։ Չգիտեմ, թե որքանով է մեզ հաջողել ներգործել հանդիսատեսի հետ, մենք չէ, որ պետք է գնահատական տանք մեր ֆիլմին, բայց մեծ հաշվով «ճիշտ տրագիկոմեդիան» հանդիսատեսի վրա շատ ուժգին կերպով ազդող ժանր է։
– Կա՞ արդյոք նոր հայկական կինոյի ձևավորման միտում, տեսնում ես քո սերնդակիցների կամ քեզնից մի քիչ մեծ կինոգործիչների հետ նմանատիպ տենդենցի ձևավորում։
Իմ կարծիքով այդպիսի տենդենցներ չկան և հայկական կինոյում չեն էլ եղել, եղել են և կան կոնկրետ անհատներ, որոնք նկարում են ֆիլմեր և զբաղվում են այդ ֆիլմերի ճակատագրերով։ Շատ կցանկանայի, որ հայ կինոգործիչներով ավելի կառուցողական ու իրար կամեցող լինեինք մեկս մյուսի նկատմամբ։ Վերջապես գար իրերի այն ընկալումը, որ միասին ավելի ուժեղ ենք, քան առանձին։ Բայց նման բան դժվար եմ պատկերացնում այս օրերին։
– Ի՞նչ ես կարծում քո-փրոդաքշնի մասին, ինչի՞ է այն մեր մոտ ավելի թույլ զարգացած, քան թեկուզ հարևան Վրաստանում, ու մենք, կարծես, առանձնապես չենք էլ ձգտում դրան։
– Ինչքանով ես տեղյակ եմ Վրաստանից, ծանոթ գործընկերներ ունեմ այդտեղ, գիտեմ, որ իրենք շատ ավելի շատ են կապված տարբեր միջազգային կազմակերպությունների, ֆոնդերի, ստուդիաների ու անհատների հետ։ Այդ իսկ պատճառով իրենց ֆիլմերն ավելի շատ են երևում A դասակարգի կինոփառատոներում, որտեղ հիմնականում անունը մեծ դեր է խաղում։ Մեզ մոտ դրանով ավելի քիչ են զբաղվում, և իմ միտքը հենց այն է, որ կարողանամ ստուդիա բացել, որը կապված կլինի աշխարհի տարբեր մասնագետների՝ դերասանից մինչև պրոդյուսեր բոլորի հետ։ Ու կստեղծվեն գործեր, որոնք հետաքրքիր են աշխարհին, մենակ Հայաստանում չէ, որ կկարողանան գոյություն ունենալ։ Այդ ամենն իրագործելու համար պետք է առնվազն նկարել կարճամետրաժ ֆիլմեր, դրանցով գնալ, ներկայանալ ու ասել՝ այ մենք այսպիսի ֆիլմեր ենք կարողանում ստեղծել, որոնք էլ իրենց հերթին որակով կլինեն։ Իսկ որակի համար էլ ամեն դեպքում քանակն էլ պիտի շատ լինի, որպեսզի արդյունքը չուշանա։
– Վերջերս դու և ևս երկու հայազգի ռեժիսոր Բաթումիի կինոդպրոցի նախագծում էինք։ Ի՞նչ տպավորություններ ստացար, երբ մեր հայկական ֆիլմերը ներկայացան մյուս ԱՊՀ երկներում ստեղծված ֆիլմերի հետ, որքանո՞վ էին մրցունակ։
– Ես գտնում եմ, որ պետք չէ տարբերություն դնել՝ ԱՊՀ, թե ամբողջ աշխարհ, պետք է միանգամից փորձել ամեն տեղ մասնակցել, ինչքան շատ՝ այդքան լավ, որովհետև երբ մի քանի փառատոն ես գնում, հասկանում ես, որ կինոգործիչների շրջանակն այդքան էլ մեծ չի, որքան թվում է։
Վրաստանի «Содружество» կինոդպրոցում ես էլ, Րաֆֆին էլ, Անին էլ ծանոթացանք տարբեր, երևի թե բոլոր ԱՊՀ երկրների ռեժիսորների հետ, նայեցինք իրենց ֆիլմերը, խոսեցինք իրենց երկրների կինոյից, մեր երկրի կինոյից, ու ես հասկացա, որ իրականում այդքան մեծ չէ մեր տարբերությունը, կոնկրետ խոսքս ԱՊՀ երկրների երիտասարդ ռեժիսորների և իրենց արված ֆիլմերի որակի մասին է։ Մեր ֆիլմերն էլ այդտեղ իրենց բավականին լավ դրսևորեցին։
Այնպես որ՝ ոչ մի անհասանելի կետ չկա, բայց դրա համար պետք է կինոյով զբաղվել, պետք է, որ մասնագետները շատանան, մարդիկ չկարծեն, որ դա ինչ-որ անհույս բան է, որը կյանքում չի հաջողի։ Պետք է նկարել ֆիլմեր ու ուղարկել տարբեր փառատոներ։ Ինչ-որ տեղ մի դուռ կբացվի, այդ դռնից հետո մեկ այլ դուռ, ու էլի ու էլի… Ու այդպես ձնագնդի էֆեկտի նման ամեն ինչ կշատանա ու կզարգանա, մենք էլ չենք նկատի, թե դա ոնց եղավ։
– Օրեր առաջ Կաննի կինոփառատոնում հաղթեց «Տիտան» բոդի-հորորը, առհասարակ ֆրանսիացիք (և ոչ միայն) շատ ակտիվ են նման համարձակ, մի քիչ նորարարական լուծումների մեջ, դրանք էլ իրենց հերթին ձևավորում են նոր տենդենցներ։ Բեռլինի կինոփառատոնը ֆիլմն էլ իր հերթին ուներ նորարարական լուծումներ։ Ինչպե՞ս է դա ազդում մեր վրա, առհասարակ՝ միջազգային կինոյի, ո՞ր կողմ է այն շարժվում։
– Իմ կարծիքով այսօրվա կինոյում ավելին, քան երբևիցե շատ ավելի դժվար է կայանալ որպես մասնագետ։ Որովհետև հիմա, չակերտավոր ասված, «ամենաթողության» ժամանակաշրջան է, որտեղ մանավանդ արվեստի գործիչը, կարող է ինքնաարտահայտվել այնպես, ինչպես որ ցանկանում է։ Տարիներ առաջ, օրինակ, խորհրդային կամ այդ ժամանակաշրջանի կինոյում ամեն ինչ չէ, որ կարելի էր ասել, և ֆիլմերի մեսիջները քողարկված էին, ու դա ինչ-որ տեղ դառել էր նաև ձեռագիր։ Իսկ բերելով քո ասած «համարձակությունը» կինո՝՝ ձևավորվում է մեկ այլ տեսակ, որն այսօրվա փուլում դարձնում է կինոն հենց այ այդպիսին։ Այդ ամենը շատ է, և բարդ է մատնանշել, թե որ կողմ է շարժվում կինոն։ Իմ սերունդին և երիտասարդ կինոգործիչներին դա պիտի միայն ոգևորի, ավելի շատ տարածություն տա ստեղծագործելու համար, ավել մեծ հնարավորություններ, բայց սարսափելի ավելի մեծ մրցակցություն։ Գլոբալ այսօրվա համաշխարհային կինոն ինձ հիշեցնում է մեծ արտադրամաս, որտեղ կան բազմաթիվ որակյալ ֆիլմեր ու սերիալներ, հիմա դու շատ ավելի շատ ընտրություն ունես, իսկ երբ որ դու շատ ավելի շատ ընտրություն ունես՝ քո հետաքրքությունն ինչ-որ տեղ սպառվում է ինչպես և սկսում է բթանալ քո զարմանալու հատկությունը։ Դառնում ես ավելի բծախնդիր հանդիսատես, ինչ-որ տեղ դա լավ է, բայց ամեն ինչն ունի իր երկրորդ կողմը։
Տարիներ առաջ Բունուելը կարող էր դասվել համարձակ կինոգործիչների շարքին, ինքն ուներ խնդիրներ թե՛ եկեղեցու, թե՛ հանդիսատեսի և թե՛ կինոքննադատների հետ։ Հեռու չգնանք՝ 1992-ին Տարանտինոն ստեղծեց իր «Կատաղի շներ»-ը, որը նույնպես շատ համարձակ ֆիլմ է, ստեղծել այդ տեսակ ֆիլմ, այդ տեսակ ենթաժանր… նման բան ի ցույց դնել աշխարհին՝ դրա համար պետք է առնվազն համարձակ լինել, քաջություն ունենալ։ Իմ համար այդ տեսակ ստացված համարձակ ռեժիսորներն արժանի են հարգանքի, իրենք թելադրում են որոշակի ուղղություններ… Իսկ հիմա տպավորություն կա, որ համարձակությունն ավելի շատ է ողջունվում, քան չհամարձակությունը։ Ընկալումները փոխվել են, ինչպես և մեր արժեհամակարգն ու կինոյի մասին դատողությունները։