Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնությունում չեմպիոնական մրցավազքից զատ, համառ պայքար էր ծավալվել նաև ռմբարկուների պայքարում: Ի վերջո, 17-ական գոլով լավագույն ռմբարկուի մրցանակին արժանացան «Փյունիկի» հարձակվողներ Լուկա Յուրիչիչն ու Յուսուֆ Օտուբանջոն: Միջին արդյունավետությամբ (0,60 գոլ մեկ խաղում) Յուրիչիչը գերազանցեց Օտուբանջոյին (0,56): Բոսնիացի ֆուտբոլիստն իր գոլերը խփել էր անցկացրած 28 խաղում, իսկ Օտուբանջոն մասնակցել էր 30 հանդիպման:
Առաջնության աշնանային հատվածում առավել արդյունավետ խաղ ցուցադրեց «Ալաշկերտի» հարձակվող Բլադիմիր Դիասը, որը 11 գոլի հեղինակ էր դարձել: 9 գնդակով լավագույն ռմբարկուների ցանկում երկրորդն «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ուիլֆրեդ Կուասի Էզան էր: Յուրիչիչի հաշվին 7 գոլ էր գրանցված, իսկ Օտուբանջոն ընդամենը 4 անգամ էր գրավել մրցակիցների դարպասները:
Ձմռանը Դիասը հեռացավ «Ալաշկերտից»: Միայն առաջնության 26-րդ տուրում Յուսուֆ Օտուբանջոյին վերջապես հաջողվեց շրջանցել Դիասին ու գլխավորել լավագույն ռմբարկուների ցանկը: Նիգերիացի հարձակվողը դարձավ առաջնության գարնանային հատվածի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը՝ խփելով 13 գոլ: Յուրիչիչն իր գոլերի թիվն ավելացրեց 10-ով և թիմակցի հետ ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու:
Լուկա Յուրիչիչն առաջին մրցաշրջանն էր անցկացնում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում, որում նորամուտը շատ հաջող ստացվեց: Իսկ Յուսուֆ Օտուբանջոն երկրորդ անգամ կստանա «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: 2020/21թթ. առաջնությունում նիգերիացի ֆուտբոլիստն «Արարատ-Արմենիայում» անցկացրած 21 հանդիպումներում խփած 10 գոլով դարձել էր մրցաշարի լավագույն ռմբարկուն: Այդ արդյունքը Հայաստանի առաջնությունների լավագույն ռմբարկուների ցանկում ամենացածրն է:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին 5 մրցաշրջաններում լավագույն ռմբարկուի տիտղոսին են արժանացել այլազգի ֆուտբոլիստները, որոնցից առավել բարձր արդյունավետությամբ աչքի է ընկել Մորի Կոնեն՝ 2019/20թթ. առաջնությունում Գյումրիի «Շիրակի» կազմում խփելով 23 գոլ: Հայ ֆուտբոլիստներից վերջին անգամ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը ստացել է «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը՝ 2017/18թթ. առաջնությունում խփելով 13 գնդակ: Ի դեպ, նա 10 գոլով Հայաստանի 31-րդ առաջնության ամենաարդյունավետ հայ ֆուտբոլիստն է: Գոլերից 7-ը Եդիգարյանը խփել է 11-մետրանոց հարվածով:
Լուկա Յուրիչիչն ու Յուսուֆ Օտուբանջոն ընդգրկվեցին մեկ մրցաշրջանում առավել արդյունավետ խաղ ցուցադրած այլազգի ֆուտբոլիստների տասնյակում: VNews-ը ներկայացնում է նրանց ցուցանիշները: