41 տարեկանում ավտովթարից մահացել է մոտոսպորտի աշխարհի 20-ակի չեմպիոն Նիկոլայ Կրասնիկովը, հայտնում է Ռուսաստանի Բաշկորտոստանի Հանրապետության սպորտի նախարար Ռուսլան Խաբիբովը.
«Սարսափելի լուր։ Այսօր առավոտյան կյանքից հեռացել է անհատական պայքարում 8-ակի, թիմային հաշվարկում աշխարհի 12-ակի չեմպիոն, մոտոցիկլետային մրցավազքի Ռուսաստանի բազմակի չեմպիոն ու գավաթակիր Նիկոլայ Կրասնիկովը։
Ցավակցություններս Նիկոլայ Օլեգովիչի ընտանիքի անդամներին ու ընկերներին։ Սա մեծ կորուստ է ինչպես մոտոսպորտի, այնպես էլ բոլորիս համար»,- սոցցանցերում գրել է Խաբիբովը։
Նախնական տեղեկություններով Կրասնիկովը Նիժնեկամսկից ուղևորվելիս է եղել Ուֆա։ Վթարը տեղի է ունեցել հունիսի 16-ին` տեղի ժամանակով գիշերը ժամը 3-ին։ Կրասնիկովն իր վարած «Լադա Գրանատա» մակնիշի մեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի ու բախվել երկու բեռնատարի։ Մարզիկը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել։