Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» չի վաճառի պորտուգալացի վինգեր Բերնարդու Սիլվայի տրանսֆերային իրավունքը:
GFFN-ի համաձայն՝ Անգլիայի չեմպիոնը մերժել է ֆրանսիական ՊՍԺ-ին, որը պորտուգալացու տեղափոխության դիմաց առաջարկել էր իտալացիներ, դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի կամ կիսապաշտպան Մարկո Վերատիի տրանսֆերային իրավունքը և որոշակի գումար: Մանչեսթերյան ակումբում վստահ են, որ 28-ամյա Սիլվան թիմի առանցքային ֆուտբոլիստներից է և նրան փոխարինելը դժվար կլինի:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում կատալոնացի Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը ձևակերպել էր թրեբլ՝ հաղթելով Անգլիայի Պրեմիեր լիգայում և նվաճելով երկրի ու Չեմպիոնների լիգայի գավաթը: Բերնարդու Սիլվան, անցկացնելով 55 խաղ, դարձել էր 7 գոլի և 8 ասիստի հեղինակ: