«Նոան» ապահովեց Fastex Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը: Ակումբն առաջին անգամ է դառնում Հայաստանի Բարձրագույն դիվիզիոնի առաջնության հաղթող:
Պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմը 30-րդ տուրում Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան ստադիոնում ընդունեց նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Փյունիկին» և հաղթեց 2-1 հաշվով:
Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: «Նոայից» գոլ խփեցին պաշտպաններ Հովհաննես Համբարձումյանը և Ներմին Զոլոտիչը:
«Նոան» առաջնության ավարտից երեք տուր առաջ 71 միավոր ունի և անհասանելի է դարձել երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայի» համար, որը 57 միավոր ունի: «Փյունիկը» 50 միավորով չորրորդն է, 5-րդ տեղում գտնվող Չարենցավանի «Վանից» առաջ է 7 միավորով:
«Նոան» հուլիսին կսկսի պայքարն ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:
Fastex Պրեմիեր լիգա, 30-րդ տուր
«Նոա» - «Փյունիկ»` 2-1
Հովհաննես Համբարձումյան, 17, Ներմին Զոլոտիչ, 22 - Դանիիլ Կուլիկով, 45+3