Չեմպիոնների լիգայի այսօրվա եզրափակիչը բացառիկ է, և այս նախադասությունը հոդվածն ավելի գրավիչ կամ հետաքրքիր դարձնելու նպատակ չի հետապնդում:
2024/25-ի եզրափակիչը բացառիկ ու տարբերվող է առաջին հերթին նրանով, որ նախորդ անգամ ավելի քան 20 տարի առաջ է եղել, երբ եզրափակիչում չեն հայտնվել իսպանական, անգլիական կամ գերմանական թիմեր: Եզրափակիչն օրիգինալ է նաև նախորդ 15 տարիների հաշվարկով՝ սկսած 2010-ից: Չկան «Ռեալը», «Բարսելոնան», «Բավարիան», «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին», հետևաբար չկա հաղթելու ընդգծված ֆավորիտ: Թվարկված այս դոմինանտ 5 թիմերից 4-ը չկար նույնիսկ կիսաեզրափակիչում: Չկա ֆավորիտ, չկա նաև անդրդոգ՝ «Բորուսիա», «Տոտենհեմ», «Աթլետիկո», «Յուվենտուս»...
Մյունխենում մրցաշրջանի գլխավոր գահի համար պայքարելու են ՊՍԺ-ն ու «Ինտերը»: Այստեղ արժանիորեն կարող էին հայտնվել կիսաեզրափակիչի մյուս մասնակիցներ «Բարսելոնան» ու «Արսենալը», բայց լավագույնին կպարզենք իտալա-ֆրանսիական դիմակայությունում:
ՊՍԺ. տարիների սովորեցրած դասը
ՊՍԺ-ն այլևս անշունչ ու գլամուրային գրանդ չէ, բրենդային հագուստի տակ թաքնված մտավոր կարողությամբ անմրցունակ անհատ հիշեցնող ակումբ չէ, անսահմանափակ փող ունեցող, բայց մենեջմենթի, կառավարման հմտություններին չտիրապետող ակումբ չէ: ՊՍԺ-ն սովորեց հրաժարվել ցուցամոլության բարդույթից, ակումբում հասկացան, որ թիմային այս մարզաձևում կարևորը 11 ֆուտբոլիստների միասնական աշխատանքն է խոտածածկին, ոչ թե այն՝ ինչպես են թերթերը գրում հերթական տրանսֆերային բումի մասին: Երկրպագուների սպասելիքների հետևում այլևս անհուն դատարկություն չէ, այլ այն իրականությունը, որտեղ ապրում է Փարիզն ընթացիկ մրցաշրջանում: ՊՍԺ-ն այլևս լուրջ ու հարգանքի արժանի ֆուտբոլային ինստիտուտ է, որ պատրաստ է դաջել իր անունը մյուս ինստիտուտների՝ «Ռեալի», «Բարսելոնայի», «Լիվերպուլի», «Բավարիայի» և եզրափակիչում հենց իր մրցակից «Ինտերի» կողքին:
ՊՍԺ-ն երկրորդ անգամ է հասնում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, բայց այս անգամ թիմը ոչ միայն լուրջ շանսեր ունի հաղթելու, այլ նաև իսկապես արժանիորեն և լիարժեք կերպով է հասել այս փուլ: 2020-ին բազմաթիվ հանգամանքներ ՊՍԺ-ի օգտին դասավորվեցին. թագավարակ՝ մյուս գրանդերի համար բոլոր հետևանքներով, մինչև եզրափակիչ մեկխաղյա դիմակայություններ, ինչն արդեն իսկ շեղեց մրցաշարի ձևաչափը: Եվ, վերջապես, անցած ճանապարհ, որն ավելի շատ հիշեցնում է Եվրոպա լիգայի, քան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ... «Բորուսիա», «Ատալանտա», «Լայպցիգ»: Իսկ այս մրցաշրջանի փլեյ-օֆֆը ճանապարհորդություն էր Պրեմիեր լիգայով՝ «Լիվերպուլ», «Ասթոն Վիլա», «Արսենալ»:
Այս ամբողջ տարիների ընթացքում ՊՍԺ-ն ներքին ասպարեզում բոլոր առումներով իր դոմինանտությունը հաստատեց առանց այն էլ խեղճուկրակ ֆրանսիական մյուս թիմերի նկատմամբ (21-րդ դարում միայն «Մոնակոն» էր հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ), բայց Լիգա 1-ի կատակերգական թատրոնը Եվրոպայում ամեն անգամ վերածվում էր ողբերգության: Տարբեր տեսակի, ճաշակի ու նախասիրության պարտություններ, իսկ հակառակ՝ հաղթող կողմը միշտ ավելի ֆուտբոլային էր, քան ՊՍԺ-ն: Կատարական նախագիծն անկատար էր, իսկ այս տարի սկսեց արդյունք տալ, երբ ՊՍԺ-ում ընկալեցին գրանդ դառնալու բոլոր նրբությունները. տրանսֆերների հարցում նախագահը լսում է մարզական տնօրենին, մարզիչն ունենում է որոշումների լայն շրջանակ, գալիս են ոչ թե ծերացած Մեսիներ ու Ռամոսներ, այլ թեկուզ ոչ աստղային, բայց թիրախային ֆուտբոլիստներ (Վիլյան Պաչո, Ժոաու Նևեշ): Թիմում չպետք է լինեն նաև արտոնյալ խաղացողներ. բոլորը հավասար են:
Այս դասերը սերտած՝ ՊՍԺ-ն հասավ մի կետի, որտեղ ցույց է տալիս իդեալականին մոտ ֆուտբոլ: 5 տարի առաջ կայացած եզրափակիչի համեմատ՝ կազմն ամբողջությամբ փոխվել է, մնացել է միայն թիմի ավագ Մարկինյոսը, որը թիմի հետ անցել է ամեն ինչի միջով: Իսկ պահեստայինների նստարանից թիմին առաջնորդելու է Լուիս Էնրիկեն, որը կարող է կրկնել իր հայրենակից Պեպ Գվարդիոլայի սխրանքը՝ երկու տարբեր ակումբների հետ թրեբլ նվաճելը: Լուչոյի դեպքում՝ ուղիղ 10 տարվա տարբերությամբ:
«Ինտեր». տարիների կուտակած փորձը
Կա մի կարծրացած միտք, որը ժամանակի հետ ավելի հիմնավոր է դառնում. Չեմպիոնների լիգան հաղթելու համար պետք է լավ խաղալ ոչ թե մեկ, այլ մի քանի մրցաշրջան: Եվ, իսկապես, Չեմպիոնների լիգան հաղթելու համար հավելյալ ջանքեր, կողմնակի կախարդանք ու տարիների տառապանք են անհրաժեշտ: Սա ներքին առաջնություն չէ, որտեղ միայն լավ խաղով ու դրական արդյունքներով միավորներ ես կուտակում (ինչն իր հերթին ամենևին հեշտ գործ չէ) և դառնում չեմպիոն: Այս մրցաշարի առանձնահատկությունն այն է, որ նախ՝ պետք է ինտեգրվես ֆուտբոլային տարբեր մշակույթների հետ կռիվ տալուն, հետո՝ մի քանի անգամ ընկնես, և այդ բոլոր զգացումները վերապրելուց հետո միայն բարձրացնես գավաթը:
Օրինակները բազմաթիվ են. Ժոզե Մոուրինյոյի «Չելսին» ռեկորդային ցուցանիշներով հաղթում էր Պրեմիեր լիգան, բայց ինչ-որ բան պակասում էր՝ Չեմպիոնների լիգան հաղթելու համար, «Ռեալը» 3 անգամ անընդմեջ պարտվեց կիսաեզրափակիչներում մինչև «Լա Դեսիման» հաղթելը, «Լիվերպուլը» պարտվեց Կիևի եզրափակիչում մինչև «Մետրոպոլիտանոյի» տրիումֆը, Գվարդիոլայի ու «Մանչեսթեր Սիթիի» ճանապարհի, փորձերի ու տանջանքների մասին կարելի է ընդհանրապես չխոսել:
Թվում է՝ հիմա եկել է «Ինտերի» ժամանակը: 2020-ին թիմը գլխավորեց Անտոնիո Կոնտեն ու սպանեց իր իսկ ստեղծած «հրեշին». ընդհատեց «Յուվենտուսի» չեմպիոնական շարքը: Կոնտեի հեռանալուց հետո ակումբի ղեկավարների համար բարդ էր գտնել այնպիսի մասնագետ, որը կշարունակեր հաջողությունների ուղին: Ընտրությունը կանգ առավ Սիմոնե Ինձագիի վրա, որը չուներ տիտղոսներով լցված թանգարան, փոխարենն ապահովում էր կայուն արդյունքներ: Այդ կայունությունը «Լացիոյի» դեպքում քառյակ մտնելն էր, «Ինտերի» դեպքում, բնականաբար, նշաձողը դրանից բարձր է:
2022/23 մրցաշրջանում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, 2023/24-ում՝ Սկուդետո, 2024/25-ում՝ Չեմպիոնների լիգայի ևս մեկ եզրափակիչ: Եվ այս բոլոր արդյունքները՝ կազմի նույն կորիզով, պարզապես հիմա այս կազմն ավելի խորն է (յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի իր փոխարինողին), իսկ մեկնարկային կազմի ֆուտբոլիստները շատ ավելի փորձված են ու արդեն գիտեն մրցաշարի այս փուլում հայտնվելու բոլոր առանձնահատկությունները: Սա Սիմոնե Ինձագիի «Ինտերի» երրորդ «եթերաշրջանն» է: Այս ընթացքում Չեմպիոնների լիգայի տիտղոսը տաքացվել է ցածր կրակի վրա. հիմա այն երկրպագուներին տաք վիճակում մատուցելու պահն է:
Առաջիկա եզրափակիչի գլխավոր ինտրիգները
Տակտիկական պայքար
Վերլուծելով ընդհանուր մրցաշրջանը՝ կարելի է ենթադրել, որ ՊՍԺ-ն հարձակվելու է, «Ինտերը» համբերատար ու իտալական թիմին բնորոշ խորամանկությամբ սպասելու է իր շանսին: Բայց սա միայն առաջին հայացքից, քանի որ նույն տրամաբանությունը պետք է լիներ «Բարսելոնայի» հետ կիսաեզրափակիչի դիմակայությունում: Բայց մենք տեսանք այլ պատկեր, այլ հաշիվ: Լիգայի փուլում սեփական դարպասը կողպած, բանալիներն էլ գաղտնի անկյունում պահած թիմը 2 խաղում 6 գնդակ ընդունեց, ու կընդուներ ավելին, եթե չլիներ Յան Զոմերը: Այնպես որ, ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ:
Առանցքային նշանակություն կունենա, հավանաբար, պայքարը դաշտի կենտրոնում: Վիտինյա - Նևեշ - Ռուիս եռյակին կդիմակայի Չալհանօղլու - Բարելա - Մխիթարյան տրիոն, որտեղ բոլորի դերերը հաջողությամբ բաշխված են:
Մխիթարյանի կյանքի խաղը
Հայ ֆուտբոլասերի համար Մյունխենում կայանալիք խաղը պատմական է: Հենրիխ Մխիթարյանը կարող է նվաճել իր կարիերայի ամենամեծ տիտղոսը՝ լինելով իր թիմի համար առանցքային ֆուտբոլիստ: Եթե Հենոն այս տիտղոսն էլ նվաճի, լեգենդ կկնքվի ոչ միայն հայկական, այլև եվրոպական ֆուտբոլի չափանիշներով: Ու սա գեղարվեստական չափազանցություն չէ, այլ օբյեկտիվ իրականություն: Եվրոպա լիգա, Կոնֆերենցիաների լիգա, Սկուդետո, Չեմպիոնների լիգա. եվրոպացի շատ աստղեր միայն երազել կարող են նման նվաճումների մասին:
- Հենրիխ Մխիթարյանի անցած ուղին.
Դոնարուման ընդդեմ Զոմերի
Թե՛ Դոնարուման, թե՛ Զոմերն անհավանական ազդեցություն ունեն իրենց թիմերի՝ եզրափակիչ հասնելու հարցում: Դոնարուման ակումբային մակարդակում նման կայուն մրցաշրջան չի անցկացրել, նրա սեյվերն առավել քան հերոսական ու կարևոր էին փլեյ-օֆֆում: Նույնքան կայուն խաղ է ցույց տվել նաև Զոմերը: Բավական է դիտել «Բարսելոնայի» դեմ Միլանում կայացած խաղի դրվագները, ու պարզ կլինի՝ որքան թերագնահատված է այս դարպասապահը:
«Ոսկե գնդակ». Դեմբելեն ընդդեմ ո՞ւմ
Որպես կանոն՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը որոշում է տվյալ տարվա «Ոսկե գնդակի» մրցանակակրին: Այս տարի եթե հաղթում է ՊՍԺ-ն, ապա Ուսման Դեմբելեի՝ մրցանակը ստանալու շանսերը կտրուկ աճում են: Դեմբելեն թիմի գլխավոր ռմբարկուն է, անցկացնում է իր կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանը, և կստացվի, որ նա նաև նվաճում է բոլոր տիտղոսները: ՊՍԺ-ի հաղթանակի դեպքում «Ոսկե գնդակի» թեման կարող է փակվել:
Իսկ ի՞նչ, եթե հաղթի «Ինտերը»: Միլանյան թիմը, այո՛, ունի իր թոփ հարձակվողին՝ Լաուտարո Մարտինեսին, բայց «Ինտերի» հաջողության «հայրերը» շատ են, իսկ տիտղոսի գրավականը կլինի ոչ թե կոնկրետ անհատի փայլուն խաղը, այլ թիմի միասնական ուժը: Այնպես որ, «Ինտերի» հաղթանակի դեպքում մրցանակը, հավանաբար, կստանա այլ թիմի ֆուտբոլիստ:
Այսպիսով՝ դեպի Մյունխեն
Չեմպիոնների լիգայի այս բացառիկ եզրափակիչին մնացել են հաշված ժամեր: «Բավարիայի» տնային ստադիոնում Լուիս Էնրիկեի՝ գրավիչ ֆուտբոլ ցույց տվող թիմը կդիմակայի Սիմոնե Ինձագիի հասուն ու ամուր «Ինտերին»:
Չեմպիոնների լիգայի եզրփակիչը կկայանա մայիսի 31-ին և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: Նախախաղային քննարկումը, որի ժամանակ կլինի ուղիղ միացում Մյունխեն, ուղիղ եթերում կլինի ժամը 21:10-ից: