Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Փոլ Ինսին 12 ամսով զրկել են վարորդական իրավունքից և տուգանել ավելի քան 7000 ֆունտով, հաղորդում է The Guardian-ը:
57-ամյա Ինսն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա է վարել: Հուլիսի 18-ին անգլիացին ներկայացել է Չեստերի դատարան, որտեղ նա մեղավոր է ճանաչվել:
«Եթե պատրաստվում ես մեքենա վարել, ապա ընդհանրապես մի՛ խմիր», - դատավճիռը հրապարակելիս ասել է դատավոր ՄաքԳարվան։
Ինսը, որը խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Ինտերը», Անգլիայի հավաքականում անցկացրել է 53 հանդիպում: Անգլիացին մարզական կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի, նրա գլխավորած վերջին ակումբն անգլիական «Ռեդինգն» է: