Logo

Ռոման Ամոյան. «Անընդունելի է, երբ մարզիկը կարող է հաղթել առանց որևէ ջանք գործադրելու»

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:07 / 10.03.2023Ըմբշամարտ
Բացառիկ
Մալխաս Ամոյան-2023

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանն օրեր առաջ արծաթե մեդալ նվաճեց Բուլղարիայում անցկացված Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ամենամյա ներկայացուցչական մրցաշարում։ 77 կգ քաշային կարգի եզրափակիչում նրա և աշխարհի գործող չեմպիոն Ակժոլ Մախմուդովի հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով. հաղթանակը շնորհվեց վերջինը միավոր ստացած ղրղզ ըմբիշին, թեև Մալխաս Ամոյանն ավելի ակտիվ էր գոտեմարտի ընթացքում։

Կանոնների այդ վիճահարույց դրույթի և, ընդհանրապես, Մալխասի ելույթների մասին VNews-ի թղթակիցը զրուցեց նրա հորեղբայր և անձնական մարզչի, 2008 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և քառակի փոխչեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն և կրկնակի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանի հետ։

- Ինչպե՞ս եք գնահատում Մալխասի մասնակցությունը Բուլղարիայի մրցաշարին։

- Համարում եմ, որ նորմալ հանդես եկավ։ Դա ստուգողական մրցաշար էր, որին բոլոր մարզիկներն էլ մասնակցում են ոչ լրիվ ուժով։ Նման փորձամրցումները կարևոր են հավաքներից հետո, քանի որ հնարավորություն են տալիս գնահատել ըմբիշների ընթացիկ մարզավիճակը, արձանագրել այն թերությունները, որոնք շտկման կարիք ունեն։ Տվյալ պարագայում առաջնային է ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը լիարժեք պատրաստվելը։ Կարծում եմ՝ մարզիկի իրական կարգավիճակը որոշվում է պաշտոնական առաջնություններում։ Մալխասի ելույթը համարում եմ նորմալ, որովհետև նախապատրաստությունը շարունակվում է, ու մարզիկները դեռևս լավագույն մարզավիճակում չեն։

- Այսինքն, Մալխասն ընդհանուր առմամբ լուծե՞ց իր առջև դրված խնդիրը։

- Մասնակցեց այնպես, ինչպես պետք էր։ Կարևոր են ոչ թե միջազգային մրցաշարում, այլ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հաջող մրցելույթները։

- Ի՞նչ կասեք նրա մասնակցությամբ եզրափակիչ գոտեմարտի մասին։

- Եզրափակիչում համառ պայքար էր ծավալվել աշխարհի երկու չեմպիոնների միջև։ Կարծում եմ՝ նրանց պետք է երրորդ անգամ հնարավորություն տային աշխատելու չորեքթաթ դիրքից, որն էլ ցույց կտար, թե ով ինչի է ունակ։ Առավելություն ունեցող մարզիկին՝ Մալխասին, պետք է երկրորդ անգամ վերևից աշխատելու հնարավորություն ընձեռեին, քանզի ղրղզ ըմբիշը շատ պասիվ էր և որևէ նորմալ փորձ չձեռնարկեց։ 1։1 հաշիվն այնքան էլ հարիր չէ նման կարգի ըմբիշների պայքարին։

Մալխաս Ամոյան-11

- Ինչպե՞ս եք վերաբերվում այն կանոնին, որ ոչ-ոքիի դեպքում հաղթանակը շնորհվում է վերջինը միավոր վաստակած ըմբիշին։ Հատկապես, երբ ոչ-ոքի արդյունքը ձևավորվում է ոչ թե արդյունավետ հնարքների փոխանակման, այլ նկատողություններ ստանալու արդյունքում։

- Կտրականապես դեմ եմ նման մոտեցմանը, որովհետև անընդունելի է, երբ մարզիկն առանց որևէ ջանք գործադրելու կարող է միավոր ստանալ և հաղթել։ Հաղթողը պետք է որոշվի հաջող կիրառած հնարքների շնորհիվ։ Դա է սպորտի, մրցակցության տրամաբանությունը։ Մինչդեռ, հիմա ըմբիշները հաճախ առաջնորդվում են ոչ թե այդ սկզբունքով, այլ սովորական հաշվարկներով՝ մտածելով, որ առաջին մրցափուլում կարող են փոքր-ինչ պասիվ աշխատել, իսկ երկրորդում՝ ավելացնել տեմպը և ոչ-ոքիի պարագայում հասնել հաղթանակի։ Դա ճիշտ չէ։ Ըմբիշը պետք է պայքարի միավորի համար, վաստակի այն և հաղթի։

- Այսինքն, պետք է մտածել այդ կանոնը վերանայելո՞ւ մասին։

- Կարծում եմ՝ այդ կանոնը պետք է փոխել։

- Ինչպե՞ս է շարունակվելու նախապատրաստությունը Եվրոպայի առաջնությանը։

- Այս մրցաշարում Մալխասը հինգ որակյալ գոտեմարտ անցկացրեց։ Հաջորդիվ լինելու են նոր հավաքներ, որոնցով էլ կամփոփվի նախապատրաստական գործընթացը։

- Ո՞ր փուլում են ձեր անվան մարզադպրոց ստեղծելու աշխատանքները։

- Բուն շինարարությունը դեռ չի մեկնարկել՝ առայժմ փաստաթղթերի ձևակերպման փուլում ենք։ Ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, առաջնորդվելու ենք մշակած նախագծով։

Ամոյանը մեծ քայլ կատարեց, Գալստյանին վերջապես չխանգարեցին. Սոֆիայի մրցաշարի ամփոփումը 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ