Հայ մարտիկ Էդմեն Շահբազյանն Ատլանտայում կայացած UFC-ի հերթական մրցաշարում հաղթական մենամարտից հետո խոսել է միջին քաշային կարգում օգոստոսի 17-ին սպասվող Դրիկուս Դյու Պլեսի - Խամզաթ Չիմաև տիտղոսային մենամարտի մասին, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
«Իմ կարծիքը շատ օրիգինալ չէ. եթե մենամարտն ավարտվի առաջին երկու ռաունդների ընթացքում, ապա Չիմաևը կհաղթի։ Եթե մենամարտը ձգձգվի, ապա Դյու Պլեսին կհաղթի։
Ես հակված եմ Դյու Պլեսիի տարբերակին։ Նա շատ տարօրինակ է մենամարտում, նրա վերաբերյալ երբեք ոչինչ հաստատ չես կարող ասել։ Գուցե նա կարողանա դուրս գալ բոլոր այն դիրքերից, որոնք Չիմաևն առաջարկի։ Չիմաևն էլ ճնշում է գործադրում գրեփլինգով, յուրօրինակ է այս առումով», - ասել է Շահբազյանը:
Հիշեցնենք, որ Շահբազյանը միջին քաշային կարգում մենամարտել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Անդրե Պետրոսկիի դեմ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ:
Մենամարտը երկրորդն էր Շահբազյանի համար 2025 թվականին: Հայ մարտիկը նախորդում ևս հաղթել էր: 27-ամյա Շահբազյանը 15 հաղթանակ և 5 պարտություն ունի օկտագոնում: