ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դուրս են եկել տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության եզրափակիչ:
Ամերիկացիները կիսաեզրափակիչում 6-2 հաշվով հաղթել են Շվեդիայի հավաքականին: ԱՄՆ-ի հավաքականից գոլերը խփել են Բրեդի Շիան, Քաթեր Գոտյեն, Քոնոր Գառլանդը, Մայքի Այսիմոնտը, Ջեքսոն Լակոմբը և Շեյն Պինտոն։ Շվեդների կազմում դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ուիլյամ Նիլանդերը և Էլիաս Լինդհոլմը։
Մյուս կիսաեզրափակիչում Շվեյցարիայի հավաքականը 7-0 հաշվով հաղթել է Դանիայի թիմին: Գոլ են խփել Նինո Նիդերրայթերը (երկու անգամ), Քեն Յեգերը, Դենիս Մալգինը, Սանդրո Շմիդը, Դամիեն Ռեան և Թայլեր Մոյը։
Ի դեպ, ԱՄՆ-ի հավաքականն իր պատմության մեջ 12-րդ և 1960 թվականից ի վեր (մրցաշարն այդ ժամանակ անցկացվում էր Օլիմպիական խաղերի շրջանակում) առաջին անգամ է դուրս եկել աշխարհի առաջնության եզրափակիչ։
Երրորդ տեղի համար խաղը և եզրափակիչ հանդիպումը կկայանան մայիսի 25-ին։