«Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» հայտնի են տղամարդկանց ու կանանց մենախաղի եզրափակիչների զույգերը։
Տղամարդկանց պայքարում Կառլոս Ալկարասը (Իսպանիա, երկրորդ ռակետ) անավարտ մնացած մրցախաղում 4-6, 7-6 (7-3), 6-0, 2-0 հաշվով հաղթել է Լորենցո Մուզետիին (Իտալիա, 7-րդ ռակետ)։ Մուզետին վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից։
Երկրորդ կիսաեզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 6-4, 7-5, 7-6 (7-3) հաշվով առավելության է հասել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի (Սերբիա, 6-րդ ռակետ) դեմ մրցախաղում։
Սիներ - Ալկարաս եզրափակիչը կկայանա հունիսի 8-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 17:00-ին։
Կանանց մենախաղի կիսաեզրափակիչում Արինա Սաբալենկան (Բելառուս, առաջին ռակետ) համառ պայքարում 7-6 (7-1), 4-6, 6-0 հաշվով հաղթել է «Ռոլան Գարոսի» նախորդ երեք տարիների անփոփոխ չեմպիոն Իգա Շվյոնտեկին (5-րդ ռակետ)։ Սաբալենկան ընդհատել է լեհ թենիսիստուհու` մրցաշարում 26 անընդմեջ հաղթանակների շարքը։
Աշխարհի երկրորդ ռակետ Կոկո Գաուֆն (ԱՄՆ) էլ 6-1, 6-2 հաշվով հաղթել է մրցաշարի սենսացիա Լոյիս Բուասոնին (Ֆրանսիա, 361-րդ ռակետ)։
Սաբալենկան ու Գաուֆը եզրափակիչում կմրցեն հունիսի 7-ին, մեկնարկը` ժամը 17:00-ին։