Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) պորտուգալացի ֆուտբոլիստ Ժոաու Մարիուի գործով «Ինտերի» օգտին որոշում է կայացրել, գրում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
2022թ. հայտնի է դարձել, որ 2016թ. օգոստոսին Մարիուի` «Սպորտինգից» «Ինտեր» տեղափոխության գործարքում եղել է հատուկ ներառված կետ, ըստ որի՝ եթե ֆուտբոլիստը հետագայում տեղափոխվի պորտուգալական այլ ակումբ, «Ներաձուրին» լիսաբոնյան ակումբին պետք է լրացուցիչ գումար վճարի։
2021թ. հուլիսին Մարիուն խզել է «Ինտերի» հետ պայմանագիրն ու ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել պորտուգալական «Բենֆիկա»։ «Սպորտինգը» տվյալ իրավիճակում գումար չի ստացել «Ինտերից» և դիմել է ՖԻՖԱ-ին` պահանջելով փոխհատուցում։
ՖԻՖԱ-ից մերժում ստանալուց հետո «Սպորտինգը» որոշումը բողոքարկել է Սպորտային արբիտրաժային դատարանում։ Այդուհանդերձ, CAS-ը նույնպես մերժել է մայրաքաղաքային թիմին։
Եթե դատարանը որոշում կայացներ «Սպորտինգի» օգտին, «Ինտերը» ստիպված կլիներ վճարել 30 միլիոն եվրո փոխհատուցում։
Ժոաու Մարիուն «Ինտերում» 69 խաղում 4 գոլ է խփել, կատարել 13 ասիստ։ Այժմ 32-ամյա կիսապաշտպանը վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Բեշիկթաշում»։ Նրա տրանսֆերային իրավունքը շարունակում է պատկանել «Բենֆիկային»։