Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունում կայացան 9-րդ տուրի մրցախաղերը: Հայ շախմատիստուհիներն իրենց պարտիաներն անցկացրին սպիտակ խաղաքարերով:
3 անընդմեջ հաղթանակներից հետո Աննա Սարգսյանը 36-րդ քայլին հաշտություն կնքեց վրացի Բելա Խոթենաշվիլու հետ: Աննան 6,5 միավորով 7-րդ տեղում է և ընդամենը կես միավորով է հետ մնում 4 առաջատարներից:
6 միավոր ունի Էլինա Դանիելյանը, որը չկարողացավ իրացնել մեկ զինվորի առավելությունն ու 112-րդ քայլին հաշտություն կնքեց ՖԻԴԵ-ի դրոշի ներքո ելույթ ունեցող Ալինա Բիվոլի հետ:
Մարիամ Մկրտչյանը 55-րդ քայլին պարտվեց ՖԻԴԵ-ի դրոշի ներքո ելույթ ունեցող Լեյա Գարիֆուլինային: Լիլիթ Մկրտչյանն էլ 57-րդ քայլին պարտվեց վրացի Լելա Ջավախիշվիլուն: Մարիամն ու Լիլիթն ունեն 5,5-ական միավոր:
Սուսաննա Գաբոյանը 40-րդ քայլին առավելության հասավ իսպանացի Մարտա Գարսիայի նկատմամբ: Գաբոյանը վաստակել է 5 միավոր: Պոլինա Կոբակը 26-րդ քայլին հաշտություն կնքեց ուկրաինացի Անգելիկա Վալկովայի հետ և ունի 4 միավոր:
Մարտի 28-ին կկայանան նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները: