Logo

«Նոայի» պատմական ռեկորդը, առաջնության ամենաարդյունավետ հայ ֆուտբոլիստները. Fastex Պրեմիեր լիգայի 32-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:12 / 25.05.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայի 32-րդ տուրը նշանավորվեց «Նոայի» պատմական նոր նվաճմամբ: Արծաթե մեդալների համար պայքարում «Ուրարտուն» նվազագույնի հասցրեց միավորների տարբերությունն «Արարատ-Արմենիայից»: Այդ պայքարն իր հանգուցալուծումը կստանա ավարտական տուրում:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն: Հյուրերից միակ հաղթանակը տոնեց «Ուրարտուն»: Առաջնությունում կայացած 155 հանդիպումներից 69-ում հաղթել են դաշտի տերերը, 62-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 24 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կայացած 4 հանդիպումներում խփվեց 15 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,75 գոլ): Առաջնության 155 հանդիպումներում գրանցվել է 487 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,14 գոլ):

2. «Նոան» Հայաստանի առաջնություններում ևս մեկ պատմական ռեկորդ սահմանեց՝ հաղթելով տնային բոլոր 15 հանդիպումներում էլ: Մինչև այդ սեփական դաշտում անցկացրած հանդիպումներում լավագույն արդյունքի էին հասել «Բանանցը» (1993թ.), «Շիրակը» (1993, 1994թթ.) և «Փյունիկը» (2003թ.), որոնք անցկացրած 14 հանդիպումներից 13-ում հաղթել էին, մեկ խաղ ավարտել էին ոչ-ոքի:

«Նոան» ընթացիկ մրցաշրջանում բացահայտ առավելության հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ՝ հաղթելով պաշտոնական բոլոր 4 հանդիպումներում էլ ընդհանուր 8-2 հաշվով: Մրցակիցների միջև անցկացված առաջնության վերջին 6 հանդիպումներում էլ հաղթել է «Նոան»: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Արարատ-Արմենիան» տարել է 2023թ. սեպտեմբերի 15-ին՝ 4-3:

3. «Արարատ-Արմենիայի» 7 անընդմեջ հաղթանակների և 9 անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց: Առաջնության գարնանային հատվածում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 2-րդ պարտությունը կրեց: Նախորդ անգամ «Արարատ-Արմենիան» խաղադաշտից պարտված էր հեռացել փետրվարի 25-ին՝ սեփական դաշտում 1-2 հաշվով զիջելով «Ուրարտուին»:

4. «Ուրարտուն» ընթացիկ առաջնությունում 3-րդ անգամ հաղթեց «Արարատին», որին վերջապես հաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Վերջին 3 մրցաշրջաններում մրցակիցների միջև կայացած առաջնության 11 հանդիպումներում «Արարատն» այդպես էլ գեթ մեկ հաղթանակ չտոնեց՝ կրելով 6 պարտություն, 5 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ արարատցիները տարել են 2022թ. ապրիլի 28-ին կայացած արտագնա խաղում (2-1):

5. «Փյունիկը» պարտությամբ ավարտեց առաջնությունը՝ 11-րդ անգամ զիջելով մրցակիցներին: Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության 36 հանդիպումներում փյունիկցիներն ընդամենը 2 պարտություն էին կրել: Վերջին անգամ ավելի վատ ցուցանիշ գրանցվել էր 2019/20թթ. առաջնությունում, երբ «Փյունիկն» անցկացրած 22 հանդիպումներից 12-ում պարտվել էր:

6. «Վանին» ընթացիկ առաջնությունում վերջապես հաջողվեց հաղթել «Փյունիկին», որին պարտվել էր նախորդ երկու խաղերում: Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ ընդհատելով մինչև այդ գրանցված առանց հաղթանակների 4 խաղերի շարքը:

7. Տարոն Ոսկանյանը «Փյունիկ» վերադառնալուց հետո առաջին գոլը խփեց, որը 10-րդն էր Fastex Պրեմիեր լիգայում: Նախորդ գոլը «Փյունիկում» Ոսկանյանը խփել էր 2013թ. ապրիլի 13-ին «Բանանցի» դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ: Հենց 2012/13թթ. առաջնությունում էլ նա իր կարիերայում առավել արդյունավետ էր գործել՝ խփելով 4 գոլ:

8. Արայիկ Էլոյանը հայ ֆուտբոլիստներից առաջինն ընթացիկ առաջնությունում հատեց 10 գոլի սահմանագիծը: Fastex Պրեմիեր լիգայում Էլոյանը ԲԿՄԱ-ում 14 գոլ է խփել: Նա  ընդամենը 2 գնդակով է զիջում ակումբի պատմության գլխավոր ռմբարկու Գրենիկ Պետրոսյանին:

9. «Արարատի» հետ մրցավեճում էլ Կարեն Մելքոնյանը 10-րդ գոլը խփեց: Նա առաջնության 4-րդ անընդմեջ խաղում խաղադաշտից չհեռացավ առանց գոլի՝ ընդհանուր առմամբ 6 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Հետաքրքիր է, որ բոլոր 4 խաղերում էլ Մելքոնյանն էր բացել հանդիպման հաշիվը: Այդ խաղերում միայն «Նոային» էր հաջողվել խուսափել պարտությունից՝ 3-3:

10. Կլայդեր Մասեդոն («Վան»), Ալյոշա Խաչատրյանը (ԲԿՄԱ) և արարատցի  Ջեյմս Ջոնան բացեցին գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ