
Հաղթանակների իսկական հրավառություն: Կամքի, պրոֆեսիոնալիզմի և ուժի հաղթանակները ուղեկցեցին մեկը մյուսին ամբողջ շաբաթվա ընթացքում: Շաբաթն ամփոփում ենք «Վիվառո Նյուզի» հետ:
Ֆորդե 2016. Նվեր՝ սահմանը պահող հայ զինվորին
Նայեք մրցաշարային աղյուսակին: Այո, Հայաստանը առաջինն է, ընդ որում գերազանցել է Թուրքիային: Իսկ այս պատկերը մենք տեսնում ենք միայն մեր ծանրորդների շնորհիվ: Նորվեգիայի Ֆորդեում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավեց առաջին հորիզոնականը՝ ետևում թողնելով Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի և մյուս երկրների հավաքականներին: Բայց, ամեն ինչ հերթով ու սկզբից:
Ապրիլի 12-ին մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այստեղ Հայաստանը մասնակցեց 15 մարզիկով, ամենամեծ պատվիրակություններից մեկը, բացի այդ էլ` առաջին անգամ կանանց ամբողջ թիմով:
Ամենահուզիչը Նազիկ Ավդալյանի վերադարձն էր: Ավտովթարի արդյունքում ստացած ողնաշարի վնասվածքն անգամ չխանգարեց նրան դառնալ Եվրոպայի չեմպիոն: 6 տարվա դադարից հետո, Նազիկը աղմկոտ վերադարձավ ու հիշեցրեց Եվրոպային իր մասին՝ ընդամենը 1 տարի մարզումներից հետո: Վերջին անգամ նա 8 տարի առաջ էր Եվրոպայի չեմպիոն հռչակվել: Նազիկն արեց անհնարինը, կամքի զորեղ ուժ դրսևորեց ու ապացուցեց բոլորին, որ սպորտում միայն պայքարելով են հաղթում:
«Սա ինձ համար մի նոր բանի սկիզբ էր»: Հենց այսպես բնորոշեց իր հաղթանակը Հռիփսիմե Խուրշուդյանը: 250 կգ երկամարտի արդյունքով Հռիփսիմեն նույնպես բարձրացրեց հայկական դրոշը:
Հայ ծանրորդները հավաքականի համար նվաճեցին 16 մեդալ: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց նաև Անդրանիկ Կարապետյանը, նրա մրցակիցը Տիգրան Մարտիրոսյանն էր: Փոխչեմպիոնի կոչումն էլ բաժին հասավ Տիգրան Մարտիրոսյանին, որն ի դեպ Հյուսթոնի Աշխարհի առաջնությունը, կարելի է ասել, ձախողել էր:
Մեր թիմից Վանիկ Ավետիսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Գոռ Մինասյանը՝ երկու արծաթե մեդալ և Սիմոն Մարտիրոսյանն էլ կրկին բրոնզե մեդալ:
Կանանց հավաքականից Սոնա Պողոսյանը 4-րդ տեղում է, Արփինե Դալալյանը՝ 6-րդ, Աննա Գովելյանը՝ 9-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 10-րդ, և Քրիստինե Պետրոսյանը՝ 5-րդ:
Ընդհանուր առմամբ մեր ծանրորդները նվաճեցին 8 ոսկե մեդալ, ապահովեցին ևս 5 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Նրանք արդեն եկել են Հայաստան և չեմպիոններին վայել ընդունելության արժանացել: