Ամառն արդեն իր իրավունքների մեջ է։ Հանգստի մեկնելիս ճամպրուկում լավ գիրք դնել չմոռանաք։ Իսկ եթե դեռ արձակուրդի մասին մտածելը վաղ է, խաղաղ ու հարմարավետ դարձրեք երեկոները՝ հետաքրքիր ճամփորդություն սկսելով «Զանգակ» հրատարակչության գրքերի հետ։
Առաջարկում ենք հինգ գիրք, որոնք կգունավորեն ու յուրահատուկ կդարձնեն ձեր ամառը․
Պարզապես միասին
Աննա Գավալդա
Մեջբերում՝
Ի վերջո, բոլորս էլ գիտենք՝ միշտ չէ, որ մարդ իր ճշմարտացիության մեջ կարող է վստահ լինել: Մի օր մեռնել ես ուզում, իսկ հաջորդ օրը բավական է միայն մի քանի աստիճան ներքև իջնել, լույսի կոճակը գտնել ու կյանքն այլ լույսի ներքո տեսնել… Այս չորս հոգին պատրաստվում էին ապրելու այնպիսի օրեր, որ գուցեև նրանց կյանքի ամենահիշարժան ու գեղեցիկ շրջանն էր լինելու:
Աննա Գավալդայի «Պարզապես միասին» վեպը բացելով կտեղափոխվես Ֆրանսիա՝ Փարիզ, որի շենքերից մեկում էլ հանդիպում են գրքի հերոսները։ Իրարից շատ տարբեր երիտասարդները, որոնց հանդիպումը զուտ պատահականություն կարող է համարվել, շաղկապված են անտեսանելի թելերով։ Նրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ու խնդիրներն ունի։ Բայց կյանքն այնքան լավն է ու գունավոր, երբ կարողանում ես զգալ պարզապես միասին լինելու հաճույքը։
Իսկական սիրո, ընկերասիրության, կարեկցանքի ու հոգատարության կարևորության մասին վեպը կհուզի ու կջերմացնի, կօգնի մի պահ կանգ առնել, նայել շուրջդ ու վայելել շուրջդ գտնվող հարազատ մարդկանց ընկերակցությունը։
Ոզնու նրբագեղությունը
Մյուրիել Բարբերի
Մեջբերում՝
«Որտեղ է գեղեցկությունը: Մեծ բաների մեջ, որոնք, ինչպես մյուսները, դատապարտված են մահվան, կամ փոքր բաների մեջ, որոնք, չհավակնելով, ոչնչի, գիտեն պահի մեջ հավերժության բողբոջ դրվագել»:
Ֆրանսիական տրամադրությունը և դեպի Փարիզ ճամփորդությունը շարունակենք Մյուրիել Բարբերիի հանրահայտ «Ոզնու նրբագեղությունը» բեսթսելերի ընթերցանությամբ։ Ավելի քան 40 լեզվով թարգմանված գիրքը միլիոնավոր ընթերցողների բանակ ունի ամբողջ աշխարհում։ Գիրքը հայերեն է թարգմանվել մի քանի ամիս առաջ, բայց արդեն հասցրել է բեսթսելեր դառնալ նաև Հայաստանում։ Նրբին ու հուզիչ այս վեպը կդիպչի հոգուդ ամենանուրբ լարերին։ Երբեմն թախծոտ ժպտալու, երբեմն բարձր ծիծաղելու ցանկություն կառաջացնի։ Ընթերցանությունն ավարտելուց հետո դեռ երկար ժամանակ սրտիդ մեջ թրթիռ, մտքիդ մեջ անջնջելի հետք կթողնի․․․
«Ոզնու նրբագեղությունը» վեպը ընթերցողի առջև բացում է Փարիզյան էլիտար շենքերից մեկի դռները, հնարավորություն տալիս ներսից ծանոթանալու դրա բնակիչներին, նրանց սովորություններին, տարօրինակություններին, թուլություններին։ Վեպի առանցքային հերոսներն են նույն շենքում բնակվող տասներկուամյա աղջնակն ու տան դռնապանուհին։ Գրականության, արվեստի, փիլիսոփայության և նրանց զրույցների և մտորումների միջոցով մենք խորամուխ ենք լինում կենսակարևոր բազում հարցերի մեջ։
Քավություն
Իեն Մըքյուեն
Մեջբերում՝
Ներդաշնակ, կանոնակարգված աշխարհի ցանկությունը նրան զրկում էր սխալվելու անխոհեմ հնարավորություններից: Խառնաշփոթն ու ավերածությունը չափազանց քաոսային էին Բրայոնիի համար, իսկ նա էությամբ դաժան չէր:
«Զանգակ» հրատարակչության հաջորդ գիրքը ճամփորդության է հրավիրում երևակայության ու իրականության սահմանագծին գտնվող մի աշխարհ և վերջում առկախ թողնում հարցը՝ իրականությո՞ւնն է ավելի կարևոր, թե՞ երևակայությունը։
Կլանող ու առինքնող սյուժեն, սերն ու կիրքը, մեղքն ու քավությունը, պատերազմն ու ներքին ալեկոծումները միայն արտաքին շերտերն են բարձրաժեք գեղարվեստական այս ստեղծագործության, որը հուզել ու գրավել է ընթերցողներին ամբողջ աշխարհում։ Անգլիական գրականության կենդանի դասական համարվող Իեն Մըքյուենի վեպը 2001 թվականին առաջադրվել է Բուքերյան մրցանակի և հայտնվել կարճ ցանկում։ The Observer-ը «Քավությունը» համարել է երբևէ գրված 100 մեծագույն վեպերից մեկը, իսկ The Telegraph-ն այն ներառել է «բոլոր ժամանակների 100 լավագույն վեպերի» ցանկում։ Վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը արժանացել է Օսկարի։
Ոգիների տունը
Իսաբել Ալյենդե
Մեջբերում՝
Եվ որքան հեռանում էր, այնքան ավելի էի ես նրա սիրո կարիքը զգում։ Այդ թափանցիկ կինը զեփյուռի նման անցնում էր կողքովս, և ինչքան էլ երկու ձեռքով պահեի ու կոպտորեն գրկեի նրան, պահել չէի կարողանում։ Նրա հոգին ինձ հետ չէր։
Շարունակենք ճամփորդությունն իսպանալեզու ժամանակակից ամենահայտնի ու ամենաընթերցվող գրողներից մեկի՝ Իսաբել Ալյենդեին համաշխարհային հռչակ բերած վեպի ընթերցանությամբ։ Բազմաթիվ երկրներում բեսթսելեր համարվող այս գիրքը ծնվել է մի նամակից, որը հեղինակը գրել էր իր 99-ամյա պապիկին։ Մոգական ռեալիզմի տարրերով հյուսված վեպի ինքնատիպ ու չկրկնվող հերոսները միանգամից կգրավեն բարձրաճաշակ ընթերցողին ու բաց չեն թողնի, մինչև վերջին տողի ընթերցանությունը։ Կախարդանքն ու իրականությունը այս գրքում ոչ թե զուգահեռ են, այլ միախառնված, սերը ծնվել է ատելությունից, մեղքի հատուցումը պիտի գա մի քանի սերունդ հետո։ Մի ամբողջ գերդաստանի պատմությունը նկարագրող գրքի իրադարձությունների կենտրոնում պայծառատես Կլարան է․․․Մի կերպար, որը մշտապես ներկա է՝ կենդանի ու տեսիլային, և մոգական ուժով հավասարակշռում է հակադրությունների այդ պատկերը:
Ի դեպ, հեղինակը նշում է, որ վեպի արտասովոր հերոսուհիներին չի հորինել, այլ նկարագրել է իր տատիկին, որը հոգեհմայքի սեանսներ էր անում և հեռազգայության միջոցով խոհարարական բաղադրատոմսեր փոխանակում ընկերուհիների հետ։ Ի թիվս այլ մրցանակների, այս վեպի համար հեղինակն արժանացել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան հեղինակավոր գրական մրցանակին՝ մոգականը արտահայտելու իր տաղանդի և ընթերցասերներին կախարդելու համար։
Չորս համաձայնությունները
Դոն Միգել Ռուիս
Մեջբերումներ՝
Մարդկանց մեծամասնության խնդիրն այն է, որ նրանք չեն կարողանում կառավարել հույզերը։ Հույզերն են կառավարում մարդկանց, այլ ոչ թե հակառակը։
Ազատության հասնելու առաջին քայլը գիտակցումն է։ Պետք է գիտակցենք, որ ազատ չենք, որպեսզի ազատագրվենք։ Պետք է գիտակցենք՝ ինչն է խնդիրը, որպեսզի լուծումը գտնենք։
Կյանքի որոշակի փուլերում մարդը կարիք ունի մի պահ կանգ առնելու, նայելու շուրջն ու վերաիմաստավորելու իր կյանքը։ Գուցե այս ամառը հենց ա՞յդ շրջանն է նաև քեզ համար։ Վերջերս հայերեն է թարգմանվել աշխարհառչակ մի գիրք, որը ազատության ու երջանկության ուղեցույց է դարձել և օգնել է կյանքի նոր սկիզբ գտնել միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։
Մենք սովորել ենք ինչպես պահել մեզ հասարակության մեջ՝ ինչին հավատալ կամ չհավատալ, ինչն է ընդունելի, և ինչը՝ ոչ, որն է լավը և վատը, ինչն է գեղեցիկ, և ինչը՝ տգեղ, որն է ճիշտը, և որը՝ սխալը: Դոն Միգել Ռուիսի «Չորս համաձայնությունները» գիրքը առաջարկում է համաձայնություններ, որոնք կնքելու դեպքում կկոտրենք մեզ ներարկված սահմանափակող համոզմունքները և կհասնենք ազատության, երջանկության և սիրո։
Կարող եք կարդալ նաև՝
Հինգ գիրք, որոնք գուցե օգնեն նոր կյանք սկսել [խորհուրդ է տալիս «Զանգակ»-ը]