Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղյա ասուլիսում մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի առաջին տուրում Թուրքիայի հավաքականից կրած պարտությունը։
«Երկուստեք լավ խաղ էր, բնականաբար նաև սխալներ եղան, բայց կարող եմ ասել, որ գոհ եմ թիմի խաղից: Չեմ ուշացրել փոփոխությունները, քանի որ այս թիմին ընդամենը մեկ շաբաթ եմ ծանոթ, և շատ դժվար է ճանաչել նրանց ուժեղ և թույլ կողմերը:
Ինչ վերաբերում է սխեմայի փոփոխությանը, այո մենք անցանք չորս պաշտպանի, որովհետև Ստյոպա Մկրտչյանը դեղին քարտ ուներ: Բացի այդ, թուրքերը նույնպես անցել էին չորս պաշտպանով խաղի, հայելանման սխեմայով էինք խաղում, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց:
Նաիր Տիկնիզյանի, Գեորգի Հարությունյանի և Իվուի ու առհասարակ բոլոր նորեկների խաղից գոհ եմ: Ինչ վերաբերում է հավասար խաղին, ապա ես պետք է քնեմ, արթնանամ, նոր կկարողանամ պատասխանել այս հարցին: Առայժմ այս հարցի պատասխանը չունեմ:
Մարզադաշտում մթնոլորտը լավ էր, երկրպագուները շատ լավ աջակցություն էին ցուցաբերում: Ներողություն եմ խնդրում պարտության համար, այնպիսի մասնագիտություն ունեմ, որ արդյունքի մեջ պատասխանատուն և մեղավորը ես եմ:
Ես երբեք գնահատական չեմ տալիս մրցավարի որոշումներին, ես էմոցիոնալ մարդ եմ, երբեք տեղս չեմ նստում, սակայն կրկին ասեմ, որ գնահատական չեմ տալիս: Անգամ չգիտեմ, թե ովքեր էին սպասարկում խաղը, գիտեի, որ իսպանացիներ են, բայց լավ էր, որ Մատեո Լաոսը չէր:
Ինչպես արդեն ասացի, ժամանակ է պետք, սա կոչվում է փորձ: Ես պետք է փնտրեմ, գտնեմ նոր, երիտասարդ խաղացողների, շանս տամ նրանց: Շատ կարևոր է, որպեսզի վստահություն լինի ֆուտբոլիստների կողմից: Ես հանդերձարանում էլ ասացի, որ վստահության դեպքում կկարողանանք լավ արդյունքի հասնել:
Ինչ վերաբերում է առաջիկա խաղին, ապա ասեմ, որ հավաքականի երեք ֆուտբոլիստներ կհեռանան: Այդպիսի պայմանավորվածություն կար, որ միայն այս հանդիպմանն են մասնակցելու:
Վերջում ասեմ, որ իմ ճամպրուկը միշտ հավաքած է, ես կարող եմ հեռանալ, բայց առայժմ չեմ ցանկանում հեռանալ»,- ասել է ուկրաինացի մասնագետը, որն առաջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Թուրքիայի հավաքականը կամային հաղթանակ էր տարել 2-1 հաշվով։
Եվրո-2024-ի ընտրական D խմբում ընդգրկված են նաև Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։ Հայաստանի հավաքականը մարտի 28-ին սեփական խաղադաշտում ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի թիմի հետ:
Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Եվրո-2024-ի ընտրական D խմբի հաջորդ խաղում հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսի հավաքականին:
Հայաստան - Թուրքիա․ Դիմակայությունների պատմությունը (տեսանյութ, ֆոտո)
Ալեքսանդր Պետրակով․ «Փորձում եմ փոխել հայ ֆուտբոլիստների մտածելակերպը»