Կառլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» տիտղոսը։
Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում իսպանացի թենիսիստն անհավանական պայքարում 4-6, 6-7 (4-7), 6-4, 7-6 (7-3), 7-6 (10-2) հաշվով հաղթեց աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին (Իտալիա)։
Չորրորդ սեթի 9-րդ գեյմում Սիները երեք մաթչ-փոյնթ ուներ, սակայն Ալկարասը չեզոքացրեց դրանք ու բեկեց խաղի ընթացքը։
5 ժամ 29 րոպե տևած մրցախաղը դարձավ «Ռոլան Գարոսի» պատմության մեջ ամենաերկարատև եզրափակիչը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1982 թվականին, երբ Մաթս Վիլանդերը (Շվեդիա) Գիլեռմո Վիլասին (Արգենտինա) հաղթել էր 4 ժամ 42 րոպեում։
Ալկարասը հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում իր անցկացրած բոլոր 5 եզրափակիչները։ Նա ATP-ի դասակարգման աղյուսակում 2000 միավոր վաստակեց և կպահպանի երկրորդ տեղը։
Սիներն էլ կարիերայում առաջին անգամ պարտվեց «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում։ Նա նաև երեք հաղթանակ է տարել։
Seeing is believing. @carlosalcaraz pic.twitter.com/TzmRTNzMEL
— Tennis TV (@TennisTV) June 8, 2025