Logo

«Արարատ-Արմենիայի» անպարտելիության ռեկորդը, 3 ինքնագոլ և 5 կարմիր քարտ. Fastex ՀՊԼ-ի 23-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:05 / 13.03.2023Fastex Պրեմիեր լիգա
Բացառիկ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության 23-րդ տուրում առաջատար եռյակի թիմերը հերթական հաղթանակները տարան: «Վանը» Fastex ՀՊԼ-ում առաջին անգամ հաղթեց «Արարատին», ԲԿՄԱ-ն էլ առաջին միավորը վաստակեց «Ալաշկերտի» հետ հանդիպումներում:  

VNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տարան 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, մեկում պարտվեցին: Առաջնությունում անցկացված 115 հանդիպումներից 41-ում հաղթել են դաշտի տերերը, 49-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 25 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Ինչպես նախորդ տուրում, այս անգամ էլ  խփվեց 12 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,4 գոլ): Առաջնությունում անցկացված 115 հանդիպումներում գրանցվել է 269 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,33 գոլ): 

2. «Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնությունում անպարտելի խաղերի շարքը հասցրեց 13-ի և գերազանցեց «Ուրարտուի» ռեկորդը: Այդ հանդիպումներից 9-ում «Արարատ-Արմենիան» հաղթել է, 4-ում գրանցվել է ոչ-ոքի: Այս արդյունքը Հայաստանի կրկնակի չեմպիոնի համար ռեկորդային է: Մինչև այդ 2018/19թթ. առաջնությունում «Արարատ-Արմենիան» 12 խաղ անընդմեջ չէր պարտվել:

Ընթացիկ առաջնությունում Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը վերջին պարտությունը կրել է անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին՝ 1-2 հաշվով զիջելով «Փյունիկին»:

3. «Արարատը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Առաջնության գարնանային հատվածում արարատցիները դեռ միավոր չեն վաստակել: «Արարատը» Fastex ՀՊԼ-ում առաջին անգամ պարտվեց «Վանին», որի հետ մինչև այդ անցկացրած առաջնության 9 խաղերից 6-ում հաղթել էր, 3-ն ավարտել էր ոչ-ոքի:

4. Երկարատև ընդմիջումից հետո հարազատ «Փյունիկ» վերադարձած Էդգար Մալաքյանը Fastex ՀՊԼ-ում 30-րդ գոլը խփեց: Դրանցից 12-ը նրա հաշվին գրանցվել են «Փյունիկում» խաղալիս: Նախորդ գոլը փյունիկցիների կազմում Մալաքյանը խփել էր 2011թ. ապրիլի 23-ին «Արարատի» դարպասը:

5. Ռումյան Հովսեփյանը բացեց գոլերի հաշիվը «Վանում»՝ ընդգրկվելով Fastex ՀՊԼ-ում թիմի կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների եռյակում: Նա «Արարատի» դարպասը 11մ հարվածով գրավեց 31 տարեկան 117 օրականում: Ցանկը գլխավորում է Զավեն Բադոյանը (32 տարեկան 88 օրական), որին հաջորդում է Միհրան Մանասյանը (31 տարեկան 318 օրական): Հովսեփյանը Fastex ՀՊԼ-ում 32-րդ գոլը խփեց և ընդգրկվեց Հայաստանի առաջնությունների պատմության 100 լավագույն ռմբարկուների ցանկում:

«Վանի» մյուս նորեկը՝ Գեղամ Ղադիմյանը ևս առաջին գոլը խփեց թիմի կազմում: Դա Fastex ՀՊԼ-ում նրա 2-րդ գնդակն էր: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Fastex ՀՊԼ-ում գոլերի հաշիվը բացել էր 2019/20թթ. առաջնությունում՝ «Ալաշկերտի» կազմում գրավելով «Նոայի» դարպասը: Ղադիմյանն ընդգրկվեց Fastex ՀՊԼ-ում «Վանում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ «Արարատի» դարպասը խոցելով 30 տարեկան 142 օրականում:
«Ուրարտուի» հարձակվող Թեմուր Ջիքիան էլ բացեց գոլերի հաշիվը Fastex ՀՊԼ-ում:

6. «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը Fastex ՀՊԼ-ում 150-րդ խաղի հոբելյանը նշեց: Այդ խաղերից 42-ը Մարգարյանն անցկացրել է «Ուրարտուի» կազմում, 71-ը՝ «Շիրակում», 37-ն՝ «Արարատում»:

7. «Ուրարտուի» 24-ամյա կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն Fastex ՀՊԼ-ում 123-րդ խաղն անցկացրեց և գերազանցեց Սոլոմոն Իմե Ուդոյի տարիքային ռեկորդը: Վերջինս  այդ տարիքում Բարձրագույն խմբում խաղացած լեգեոնականներից բոլորից շատ՝ 118 հանդիպման էր մասնակցել:

Իվուն տարիքային ռեկորդ սահմանեց նաև «Ուրարտուի» լեգեոնականների մեջ՝ թիմի կազմում անցկացնելով 73-րդ խաղը: Նախկին ռեկորդը պատկանում էր Նոա Կասուլեին, որը 24 տարեկանում «Ուրարտուի» կազմում 54 խաղի էր մասնակցել:

8. «Արարատի» ավագ Հրայր Մկոյանը Fastex ՀՊԼ-ում 321-րդ խաղն անցկացրեց և ընդգրկվեց Հայաստանի առաջնություններում առավել շատ հանդիպումների մասնակցած ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով «Միկայի» և «Ուլիսի» նախկին հարձակվող Արտյոմ Ադամյանին: Վերջինս 320 խաղ է անցկացրել:

9. Տուրն առատ էր կարմիր քարտերով: Խաղադաշտից հեռացվեցին 5 ֆուտբոլիստներ՝ բանակային Արամ Խամոյանը, արարատցի Վարդան Արզոյանը, շիրակցիներ Դոնալդ Կոդիան ու Արտյոմ Միքայելյանը և «Արարատ-Արմենիայի» լեգեոնական Կառլոս Պերեսը: Վերջին 3 ֆուտբոլիստներին կարմիր քարտ էր ցույց տվել «Արարատ-Արմենիա»-«Շիրակ» հանդիպման գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանը, որը նաև 6 ֆուտբոլիստների զգուշացրել էր:

10. «Ալաշկերտի» պաշտպան Վիտալի Ուստինովը, «Արարատի» նորեկ Հաջի Իսա Մուստաֆան և շիրակցի Ալեքսա Վիդիչը դարձան ինքնագոլի հեղինակներ: Ընթացիկ առաջնությունում արդեն 8 ինքնագոլ է գրանցվել: 

Սեփական դարպասը գրավել էին նաև «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը, փյունիկցի Միխայիլ Կովալենկոն, «Վանի» պաշտպան Համլետ Ասոյանն ու ալաշկերտցի Դիդիե Բորիս Կադիոն: Ընդ որում Ժիրայր Մարգարյանն անցյալ տարվա օգոստոսի 28-ին «Լեռնային Արցախի» հետ կայացած խաղում 2 անգամ գնդակն ուղարկել էր սեփական դարպասը՝ դառնալով Հայաստանի առաջնություններում յուրօրինակ հակառեկորդի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա