Հայազգի դիրիժոր Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լոս Անջելեսի օպերային թատրոնի երաժշտական տնօրեն։ «Մայրցամաքներն ու երաժշտական ավանդույթները կամրջող կարիերայով և «Էլ Սիստեմայի» խոր արմատներ ունեցող հիմքով Հինդոյանը անձնական պատմություն է բերում, որը նույնքան գրավիչ է, որքան իր արվեստը», - ասված է թատրոնի հայտարարությունում։
Հինդոյանը կփոխարինի Ջեյմս Քոնլոնին։ Հայազգի դիրիժորը պայմանագիր է կնքել 5 տարով։ Այն ուժի մեջ կմտնի 2026-ի հուլիսի 1-ից։ 2026-2027 թատերաշրջանում նրան են վստահել 3 բեմադրություն։
Հինդոյանը կհամատեղի իր այս և Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի աշխատանքները։ Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբում նա գլխավոր դիրիժոր է 2021 թվականից։
«Մեծ պատիվ եմ համարում միանալ Լոս Անջելեսի օպերային որպես հաջորդ երաժշտական տնօրեն։ Առաջին փորձից զգացի ամուր կապ այս ընկերության հիանալի երաժիշտների և անձնակազմի հետ։ Մեծ պատիվ է հետևել մաեստրո Ջեյմս Քոնլոնի օրինակին, որի ժառանգությունը Լոս Անջելեսի օպերան դարձրել է այն, ինչ կա՝ դինամիկ և հավակնոտ հաստատություն։ Սա Լոս Անջելեսի օպերայի և ինձ համար նոր փուլի սկիզբ է։ Այս դերը ստանձնում եմ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ։ Ընկերության տաղանդավոր արտիստների, թիմի և ղեկավարության հետ միասին անհամբեր սպասում եմ ապագա թատերաշրջանների ձևավորմանը, նոր ներկայացումների մշակմանը, տեղացի արտիստների հետ գործակցությանը, աշխարհի առաջատար ստեղծագործական ձայներին հրավիրելուն և մեր կապը քաղաքի և դրա սահմաններից դուրս հանդիսատեսի հետ խորացնելուն», - ասել է Հինդոյանը։