1928 թվականի հուլիսի 20–ին Ջաջուռում ծնվել է հայ նշանավոր գեղանկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից Մինաս Ավետիսյանը։ Մոտ 500 մեծ ու փոքր կտավի հեղինակ Մինասը 18 տարեկանում հանդիպել է հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրներից Մարտիրոս Սարյանին։
«Ես, իհարկե, սարսափելի հուզվում էի, րոպեներն ինձ ժամեր էին թվում։ Եվ, ահա, վերջապես Վարպետը եկավ։ Տունը, որ ես վարձել էի Բարեկամություն և Կիևյան փողոցների անկյունում, երկհարկանի էր։ Փայտե, փոքր-ինչ խարխուլ աստիճանները տանում էին դեպի իմ սենյակ։ Վարպետին ուղեկցողները փորձեցին բռնել նրա թևը, սակայն Սարյանը մերժեց նրանց, ինքնուրույն բարձրացավ, ապա կանգ առնելով դռան առաջ` հարթավանդակի վրա, բարձր և հատուկ շեշտադրությամբ ասաց․ «Պետք է սովորեմ, որպեսզի հաճախ այցելեմ,այդպես չէ՞», - պատմել է Ավետիսյանը։
Մինաս Ավետիսյանը հայտնի է նաև իր դիմանկարներով։ Նա դիմանկարել է ակադեմիկոս Արմեն Թախտաջյանին, Արամ Խաչատրյանին, Կոստան Զարյանին, Մարտիրոս Սարյանին և շատ ուրիշների։ Սարյանը նրա մասին ասել է․ «Մինաս, ես քեզնից մեծ եմ 50 տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»։