Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը 35 տարեկանում ավարտել է մարզական կարիերան, հաղորդում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը:
Եզրային պաշտպանը 2015-2024 թվականներին խաղացել է «Ալաշկերտում»: Նա 2024/25 մրցաշրջանում հանդես էր գալիս Կապանի «Գանձասարում»:
Եդիգարյանը խաղացել է նաև «Փյունիկում», «Բանանցում» (ներկայիս` «Ուրարտու»), «Արարատում» և լիտվական «Ժալգիրիսում»: Նա 347 խաղ է անցկացրել Հայաստանի առաջնություններում, խփել 64 գոլ և կատարել 44 ասիստ:
Եդիգարյանը 5-ական անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր: Նա Սարգիս Հովսեփյանի հետ կրում է հայկական ակումբային ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի կոչումը: Եդիգարյանը նաև 2-ական անգամ դարձել է Լիտվայի չեմպիոն և գավաթակիր:
Արտակ Եդիգարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 32 հանդիպման: