Անգլիալեզու ամենամեծ HarperCollins հրատարակչությունից հետո, գրող Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների թարգմանությունները կխմբագրվեն նաև Ֆրանսիայում, հայտնում է LeDevoir-ը։
Hachette հրատարակչական խմբի մեջ մտնող Masque հրատարակչությունը, որը հրատարակում է Քրիստիի գրքերը, հայտնել է, որ գրքերից կհեռացվեն հերոսների կազմվածքի և ծագման մասին վիրավորական արտահայտությունները: Ինչպես պարզաբանել են հրատարակչությունում, դա արվում է «գրքերը միջազգային այլ հրատարակություններին համապատասխանեցնելու համար»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ HarperCollins անգլիալեզու ամենախոշոր հրատարակչությունը գրաքննության է ենթարկել Ագաթա Քրիստիի վեպերը, որպեսզի դրանք համապատասխանեն էթիկայի նոր կանոններին։ Մասնավորապես՝ HarperCollins-ն Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպից ջնջել էր ազգություններին վերաբերող բառերը՝ «նուբիացի նավավար», «գնչուական արտաքինով» կինը։ Տեքստից հանվել էր նաև այն մասը, որում կինը երեխաներին զզվելի է անվանում և կասկած է հայտնում, թե սիրում է նրանց։