Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանը կարող է գլխավորել ղազախական «Կայրաթը», հայտնում են «Ֆասթ Մեդիա»-ի մարզական մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանն ու ղազախական սպորտային լրատվամիջոցները:
Նազարեթյանը հանդիպել է «Կայրաթի» նախագահ Կայրաթ Օրազբեկովին և սպորտային տնօրեն Գուստավո Պարադեդային:
«Կայրաթը» կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 4-ի եզրափակիչին, մայիսի 2-ին կիսաեզրափակիչում կմրցի իսպանական «Կարտագենայի» դեմ:
Ի դեպ, մրցաշարին կմասնակցի նաև գործող չեմպիոն իսպանական «Պալմա Ֆուտզալը»: Այս ակումբում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը: Նրանք նախորդ տարի չեմպիոնությունը նվաճել էին Երևանի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի հավաքականը Նազարեթյանի գլխավորությամբ պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Եվրոպայի առաջնության ուղեգիր: