Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) կարող է զրկվել միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից, այդ թվում՝ աշխարհի 2026 թվականի առաջնությունից, քանի որ Ռիո դե Ժանեյրոյի դատարանը չեղյալ է հայտարարել այդ կառույցի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսի կառավարումը, հաղորդում է Goal.com-ը:
Տվյալ դատավճիռը ոչ միայն չեղյալ է հայտարարել Ռոդրիգեսի լիազորությունները, այլև CBF-ի ամբողջ տնօրենների խորհրդի պաշտոնանկությանն է հանգեցրել:
ՖԻՖԱ-ն նախկինում արտահայտել է խիստ դիրքորոշումը իր անդամ ասոցիացիաների գործունեությանը քաղաքական կամ դատական միջամտության դեմ: 2023 թվականին ՖԻՖԱ-ն սպառնացել է Բրազիլիային պատժամիջոցներով, երբ Ռոդրիգեսը սկզբում որակազրկվել էր ընտրական ենթադրյալ խախտումների համար: Այդ ժամանակ Գերագույն դատարանը միջամտեց և կարգավորեց խնդիրը, բայց նախազգուշացումը մնում է արդիական: Այժմ, նրա երկրորդ հեռացմամբ, ՖԻՖԱ-ի կողմից պատժամիջոցների հնարավորությունը կրկին ի հայտ է եկել:
ՖԻՖԱ-ն պահանջում է, որ անդամ ֆեդերացիաները մինչև մայիսի 26-ը ներկայացնեն իրենց կազմերն աշխարհի առաջնության որակավորման առաջիկա խաղերի համար։ Ռոդրիգեսը զգուշացրել է, որ եթե կառավարող մարմինը չճանաչի Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նոր ղեկավարությանը, Բրազիլիայի կազմը կարող է անվավեր համարվել, ինչը կհանգեցնի խաղերի չեղարկման կամ հետաձգման։ «Սելեսաոյի» առաջիկա խաղերը Էկվադորի և Պարագվայի դեմ են ընտրական փուլում:
Ի դեպ, Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կառլո Անչելոտիի ապագան ևս մշուշոտ է: Իտալացին մայիսի 26-ից պետք է սկսի աշխատանքը Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Ֆերնանդո Խոսե Սարնին, որը ժամանակավորապես ստանձնել է CBF-ի ղեկավարությունը, հայտարարել է, որ մտադիր է պահպանել գործող պայմանագրերը և ապահովել ազգային հավաքականի մարզական գործունեության շարունակականությունը: Այնուամենայնիվ, կայուն ղեկավարության կառուցվածքի բացակայության պայմաններում Անչելոտիի մարզական ապագան Բրազիլիայում շարունակում է վտանգված լինել: