Logo

Վարազդատ Լալայան. «Երազում եմ օլիմպիական մեդալի մասին» 

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:55 / 11.01.2023Ծանրամարտ
Բացառիկ
null

Գյումրեցի ծանրորդ Վարազդատ Լալայանը միջազգային հարթակներում աստիճանաբար լուրջ մրցակցություն է ցուցադրում գերծանր քաշային կարգում վերջին տարիների ընդգծված առաջատար Լաշա Տալախաձեին։ Դա ակնհայտ էր հատկապես անցյալ տարվա Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, որոնցից առաջինում վրացի ծանրորդը երկամարտում 11 կգ գերազանցեց 23-ամյա հայ մարզիկին, իսկ երկրորդում, նրանց ցուցանիշների տարբերությունը գրեթե կրկնակի կրճատվելով, կազմեց ընդամենը 5 կգ։ Նոր մրցաշրջանում այդ միտումն ավելի հետաքրքիր և գրավիչ պայքար է խոստանում երկու դյուցազունների միջև։

VNews-ի հետ զրույցում Վարազդատ Լալայանը նշեց, որ ունի արդյունքները բարելավելու ներուժ և չի պատրաստվում բավարարվել արդեն պատմություն դարձած նվաճումներով։ Այս օրերին նա մարզվում է հարազատ մարզադահլիճում և պատրաստվում է հունվարի 16-ից նախատեսված ազգային թիմի առաջին ուսումնամարզական հավաքին։

«Լրջագույնս պատրաստվում եմ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, որոնք լինելու են նաև 2024 թվականի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներ։ Եվրոպական ստուգատեսից հետո հնարավոր է մասնակցենք նաև «Գրան պրի» կարգի մրցաշարի, որը նույնպես լինելու է վարկանիշային։ Դա դեռ քննարկման փուլում է։ Բոլոր մրցումներում նպատակս եղել և մնում է միմիայն հաղթանակը։ Որքա՞ն կկարողանամ ավելացնել կիլոգրամներս. դժվար հարց է։ Եթե ունես ուժեղ մրցակից և ձգտում ես հաղթել նրան, նշանակում է առաջընթացի շատ տեղ ունես։ Գտնում եմ, որ ունեմ արդյունքս բարելավելու ներուժ, ուստի պետք է ավելի շատ աշխատեմ, որպեսզի պայքարեմ ավելի բարձր տեղերի համար։

Անցյալ տարվա աշխարհի առաջնությունում 4-6 կիլոգրամով բարելավեցի Եվրոպայի առաջնության ցուցանիշներս, սակայն դա հնարավորություններիս սահմանը չէ։ Պարզապես երկու մրցումներում էլ հաջող չկատարեցի հրում վարժությունը։ ԵԱ-ում երկամարտի արդյունքս կազմեց 240, իսկ ԱԱ-ում՝ 246 կգ։ Սակայն մարզումների ընթացքում մինչև իսկ 255 կգ արդյունք եմ գրանցել։ Պատրաստ եմ բարձր արդյունքի հասնել, բայց դժվար է ասել, թե ինչպիսին կլինի այն մրցումների ժամանակ»,- զրույցում նշեց 2021 և 2022 թվականների Եվրոպայի և աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը։

Դեկտեմբերին Կոլումբիայում կայացած աշխարհի առաջնությունում գյումրեցի ծանրորդը պոկում վարժությունում հավասար արդյունք (215 կգ) գրանցեց կրկնակի օլիմպիական չեմպիոն Լաշա Տալախաձեի հետ, իսկ հրումում վրացի մրցակցին զիջեց 5 կգ և երկամարտում գրավեց երրորդ տեղը՝ իրենից առաջ թողնելով նաև արծաթե մեդալակիր դարձած Գոռ Մինասյանին, որը ներկայացնում է Բահրեյնը։ 

«Դա իմ օրը չէր. այդպես եմ գնահատում ելույթս։ Որևէ այլ պատճառ դժվարանում եմ առանձնացնել, որովհետև շատ լավ էի զգում ինձ, անչափ ուժեղ էի, շատ լավ էի պատրաստվել ու վստահ էի ուժերիս։ Դա իրոք իմ օրը չէր։ Գուցե ինչ-որ տեղ սխալվել եմ, չգիտեմ՝ չեմ կարող ասել։ Իհարկե, անձնական մարզիչիս և հավաքականի մարզիչների հետ քննարկել ենք այդ ամենը, առանձնացրել հետագա անելիքները։ Անհամբեր սպասում եմ հունվարի 16-ին մեկնարկող հավաքին։ Մինչև այդ անձնական մարզչիս ղեկավարությամբ մարզվում եմ իմ հարազատ մարզադահլիճում։ Այնուհետև՝ արդեն հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի և մարզիչ Հակոբ Փիլոսյանի գլխավորությամբ պատրաստվելու ենք Եվրոպայի առաջնությանը»,- հայտնեց մարզիկը։

Վարազդատ Լալայանը չթաքցրեց, որ երազում է օլիմպիական ուղեգիր նվաճել և մեդալով վերադառնալ քառամյակի գլխավոր մրցումից։ 

Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ